fbpx
Արցախ

The Guardian-ի հերթական անդրադարձը Ղարաբաղյան հակամարտությանը

The Guardian պարբերականը հերթական անգամ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ծավալված ռազմական գործողություններին: Պարբերականը գրում է, որ լրատվամիջոցները և իրավապաշտպան կազմակերպությունները հաստատել են, որ Ադրբեջանի կողմից թիրախավորված Ստեփանակերտի բնակելի հատվածներում օգտագործվել է իսրայելական արտադրության M095 կասետային զինամթերք, որը հարյուրավոր ռումբեր է ցրում:

Լրատվամիջոցը հաղորդում, որ ռումբերի մի մասը կարող է չպայթել, սակայն հակամարտությունների ավարտից հետո էլ դրանք վտանգ են ներկայացնում խաղաղ բնակչության համար:

The Guardian-ը նշում է, որ կասետային զինամթերքի օգտագործումը մինչև այժմ հիմնականում փաստագրվել է Ստեփանակերտում, որը ենթարկվել է ռմբակոծության Ադրբեջանի տարածքից։

Այն բանից հետո, երբ ռումբի նկարները հայտնվեցին ԶԼՄ-ներում և համացանցում, Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտնեց, որ իր փորձագետները կարողացել են գտնել, թե Ստեփանակերտի որ հատվածներում են օգտագործվել այդ զենքերը:

«Կասետային ռումբերի օգտագործումը ցանկացած պարագայում արգելվում է միջազգային մարդասիրական օրենքով, ուստի, դրանց միջոցով քաղաքացիական բնակավայրերի վրա հարձակումը հատկապես վտանգավոր է և կհանգեցնի միայն հետագա զոհերի և վիրավորների: Կասետային ռումբերի արձակումը բնակելի հատվածներում սարսափելի է և անընդունելի: Քանի որ մարտերը շարունակում են թեժանալ, խաղաղ բնակիչները պետք է պաշտպանված լինեն, ոչ թե դիտավորյալ թիրախավորվեն և վտանգի ենթարկվեն»,- հայտարարել է Amnesty International-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների բաժնի ղեկավարի պաշտոնակատար Դենիս Կրիվոշեևը:

Չնայած ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ Ադրբեջանը «Կասետային զինամթերքի մասին» համաձայնագրի ստորագրող կողմ չեն հանդիսանում, քաղաքացիական բնակավայրերի չտարբերակված թիրախավորումը միջազգային մարդասիրական օրենքի խախտում է համարվում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ