fbpx
Քաղաքականություն

Տիգրան Ավինյանն ընդունել է Ռումինիայի նորանշանակ դեսպանին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն օգոստոսի 13-ին ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը շնորհավորել է վերջինիս առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ հավելելով, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Ռումինիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված փոխգործակցությանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կորնել Իոնեսկուն նշել է, որ առավելագույն ջանքեր կներդնի հայ-ռումինական հարաբերությունների հետագա զարգացման համար։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են անցած տարի երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների աճը: Միաժամանակ նշվել է, որ երկկողմ տնտեսական հարաբերություններում առկա է զգալի ներուժ և անհրաժեշտ է ակտիվ աշխատանքներ տանել այն իրացնելու համար: Այս համատեքստում կարևորվել է հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:

Կողմերը առանձին անդրադարձ կատարեցին համեմատաբար վերջերս բացված Երևան-Բուխարեստ ուղիղ չվերթին, որը մեծ դեր կարող է խաղալ գործարար կապերի և զբոսաշրջության ակտիվացման գործում:

Զրուցակիցներն ընդգծել են Ռումինիայի հայ համայնքի ունեցած դերը երկկողմ կապերի ամրապնդման գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ