Հայաստանում հեռուստատեսության ու ռադիոյի հարցերը լուծվել են կողմնակի կարգավորումներով, և շատ հեշտ է եղել ունենալ շատ լիբերալ օրենսդրություն այս դաշտում։ Սակայն երբ զուգահեռ կարգավորումները վերացվել են, օրենքը ցույց է տվել իր բացերը։ ԱԺ-ում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի տարեկան հաղորդման մասին զեկույց ներկայացնելիս հանձնաժողովի ղեկավար Տիգրան Հակոբյանը խոսեց այս մասին։
Նա նշեց, որ թեև լուրերում, տեղեկատվական հաղորդումներում պետք է պահել անաչառության սկզբունքը, սակայն դա օրենքով ամրագրված չէ։ Հանձնաժողովի ղեկավարի խոսքերով` հենց այս պատճառով, երբ անցած տարի հեռուստաընկերություններից մեկին փորձում էին անաչառության համար տույժի ենթարկել, մի քանի հասարակական կազմակերպություններ հայտարարություն էին տարածել ՀՌԱՀ-ի դեմ, թե վերջինս խոչընդոտում է խոսքի ազատության իրացմանը։
Հակոբյանը պնդեց, որ այսպիսով պետք է ապահովել, որ այդ անաչառության սկզբունքն ամրագրվի նաև օրենսդրորեն։
Այնուհետև Տիգրան Հակոբյանը, ի պատասխան հարցին, թե երբ են քայլեր ձեռնարկելու հեռուստատեսության ու սերիալների լեզուն մաքրելու ուղղությամբ, պատասխանեց․
«Ամեն ինչ չէ, որ պետք է թողնել հեռուստաընկերությունների հայեցողությանը և բողոքել հեռուստաընկերություններից: Իր դերն ունի դպրոցը և շատ ավելի մեծ, իր դերն ունի ընտանիքը, և եթե ծնողները բացթողում են անում և թույլ են տալիս, որ նրանք հետևեն այդ բովանդակությանը, որը իրենց համար չէ, նույն հաջողությամբ կարող են թույլ տալ գնալ ալկոհոլիզմով զբաղվել, դեղամիջոցներ ընդունել և այլն»։
Տիգրան Հակոբյանը նշեց, որ այդպիսի բովանդակությամբ հեռուստաընկերություններն ապահովում են հաղորդումների բազմազանությունը: Հաղորդումները նախատեսված են տարբեր սոցիալական խմբի և տարիքի մարդկանց համար: Բացի այդ, նա ընդգծեց, որ լեզվի չափորոշիչները շատ հեղհեղուկ են, չկան հստակ չափորոշիչներ:
«Իսկ ո՞րն է գրագետ լեզուն: Օրինակ` լուսահոգի Վերա Հակոբյանը, որ աշխատում էր ռադիոյում, իր համար լեզվի մաքրությունը այլ էր՝ բարձրագույն ստանդարտ էր, սովետական դպրոց էր, ինձ համար այլ է, այսօրվա սերնդի համար` այլ, որովհետև լեզուն մեռած չէ, մեխանիզմ չէ: Այն ինչ-որ ձևով սկսում է հարմարվել ներկա իրավիճակին, փողոցին: Գեղարվեստական նույն սերիալներում, պատկերացրեք բացասական դեր տանող քրեական հեղինակությունը խոսի մտավորականի կատարյալ լեզվով: Գեղարվեստական գործերում պետք է, լեզվից սկսած, լինի արժանահավատություն»,- ասաց Տիգրան Հակոբյանը
Նա նաև նկատեց, որ երբ խոսում ենք լեզվի անաղարտության, մաքրության մասին, պետք է խոսել ոչ թե գեղարվեստական գործերի, հաղորդումների, այլ լրատվական, կրթական, մանկական ծրագրերի մասին, բայց ապահովել լեզվի անաղարտությունն ամբողջ եթերում, հնարավոր չէ:
«Դա հավերժ խնդիր է բոլոր երկրներում: Պետք է փորձենք և´ օրենսդրորեն, և´ հասարակության մակարդակը բարձրացնելով, և´ հեռուստատեսություններին ինչ-որ կերպ շահագրգռելով, ասենք ամեն տարի մրցանակ սահմանենք ամենալավ հաղորդուման համար, որտեղ կիրառվում է ամենամաքուր հայոց լեզուն»,- ասաց Տիգրան Հակոբյանը: