Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական խաղերում մեկնարկել է մրցումային երրորդ օրը։
Հունիսի 23-ին պայքարի են դուրս եկել սամբիստները։ Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ՝ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), Արսեն Ղազարյանը (74 կգ) և Գրիգոր Սահակյանը (90 կգ)։
Տիգրան Կիրակոսյանը պայքարը սկսեց 1/4 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցն ուկրաինացի Ռոման Բրատչենկոն էր։
Հայ սամբիստը հաղթեց 7։0 հաշվով և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ առավելության հասավ Ռուսաստանի ներկայացուցիչ Անդրեյ Կուբարկովի նկատմամբ (3:3) և ոսկե մեդալի համար պայքարելու հնարավորություն ստացավ։
Եզրափակիչում Կիրակոսյանի մրցակիցը լինելու է ադրբեջանցի Ագհասիֆ Սամադովը։
Գրիգոր Սահակյանը ևս մեկնարկեց վստահ հաղթանակով՝ 8։0 հաշվով առավելության հասնելով չեխ Միրոսլավ Վացեկի նկատմամբ։
Կիսաեզրափակչում Սահակյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Րյաբովի հետ և պարտվեց 1։3 հաշվով:
Սահակյանը կպայքարի բրոնզե մեդալի համար։
Արսեն Ղազարյանը 1/4 եզրափակչում մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ստանիսլավ Սկրայբկինի հետ և 1։2 հաշվով պարտություն կրեց։
Ղազարյանը կմասնակցի սփոփիչ գոտեմարտի, որտեղ նրա մրցակիցը կլինի ադրբեջանցի Աբդուլա Աբդուլաևը:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին հայ սամբիստներից պայքարի մեջ էին մտել Դավիթ Գրիգորյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Ասյա Լալազարյանը (48 կգ):
Գրիգորյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Մանուկյանը և Լալազարյանը պարտվեցին բրոնզե մեդալի համար պայքարում։
Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։