Մշակույթ

Տիկնիկային թատրոնը հյուրընկալել է արցախցի երեխաներին

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետության կրթամշակութային հաստատությունները պարբերաբար կազմակերպում են բովանդակային տարբեր ծրագրեր իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաների ժամանցն ապահովելու համար, հայտնում են ՀՀ ԿԳՍՄՆ պաշտոնական կայքից։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հյուրընկալել էր իրենց բնակավայրերից ժամանակավորապես հեռու գտնվող երեխաներին՝ դիտելու Հ. Թումանյանի «Անխելք մարդը» հեքիաթի բեմադրությունը: Բեմադրությանը ներկա է գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Ներկայացումից առաջ երեխաներին ջերմորեն ողջունել է թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը. «Այսօր դուք եք մեր հյուրը, բայց մյուս անգամ էլ մենք ենք գալու ձեզ մոտ հյուր, որովհետև մենք միասին ենք, միշտ միասին: Երբեք չի եղել, որ թատրոնում միանգամից հավաքվեն այսքան սիրուն, հրաշալի, խելոք երեխաներ: Մենք ձեզ շատ ենք սիրում, դուք մեր բալիկներն եք, մենք չենք պատկերացնում մեր կյանքն առանց ձեզ»:

Բարի դիտում մաղթելով՝ Ռ. Բաբայանը նշել է, որ հենց խաղաղության հաստատումից հետո Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնն առաջինն այցելելու է Արցախ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ