Թիվ 12 պոլիկլինիկայի տնօրենը իր աշխատակիցներից մեկից կաշառք է վերցրել: Այս մասին հայտնում է ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը: Նորանշանակ տնօրենը աշխատակիցներից մեկից պահանջել է, որ նա այցելուներից, այսպես ասած՝ որպես «թեյավճար» գումար հավաքագրի և ամեն ամիս որպես կաշառք 50 հազար դրամ տա իրեն՝ սպառնալով և ակնարկելով, որ հակառակ դեպքում կազատի աշխատանքից։
Պարզվել է, որ այդ աշխատակիցը հրաժարվել է տնօրենի ապօրինի պահանջը կատարելուց և փետրվարի 21-ին ազատվել է աշխատանքից։ Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ տնօրենը նույն եղանակով կաշառք է պահանջել նաև պոլիկլինիկայի մեկ այլ աշխատակցից։ Պոլիկլինիկայի տնօրենը բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ու ձերբակալվել։
Դեպքի առթիվ գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է քննչական կոմիտե։