Սեպտեմբերի 16-ին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ Գնել Սանոսյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի պատվիրակությանը։
«Նախարարը, ողջյունելով հյուրերին, բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի և ՏԿԵ նախարարության միջև առկա համագործակցությունը և ցանկություն հայտնել առաջիկայում ավելի խորացնել առկա համագործակցությունը։
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը շնորհավորել է նախարարին նշանակման կապակցությամբ։ Մարտինա Շմիդտն ընդգծել է Եվրոպայի խորհրդի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում սպասվող վարչատարածքային բարեփոխումներին։
Նախարարն իր հերթին կարևորել է առաջիկայում սպասվող բարեփոխումների գործընթացում ԵԽ-ի գործընկերությունն ու աջակցությունը։ Նախարարն ընդգծել է, որ արդեն իսկ խոշորացված համայնքներում հաջողությամբ շարունակվում են ներդրվել լավ կառավարման 12 սկզբունքները, որոնք կշարունակվեն ներդրվել նաև առաջիկայում խոշորացվող համայնքներում։ Նախարարը նշել է, որ խոշորացման այս փուլում առանձին ուշադրություն է դարձվել ազգային փոքրամասնություններով բնակեցված համայնքներին, և խոշորացման արդյունքում նախատեսվող 77 համայնքից առնվազն 6-ը կլինեն ազգային փոքրամասնություններով բնակեցված առանձին համայնքներ։
Նախարարը տեղեկացրել է, որ արդեն իսկ դիմել են ԵԽ-ին առաջիկայում սպասվող ՏԻՄ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու խնդրանքով։
- ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Wabtec ընկերության վաճառքի գծով գործադիր տնօրենին
- ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է իրանական Babak copper ընկերության պատվիրակությանը
Եվրոպայի խորհուրդը Հայաստանում երկու խոշոր ծրագիր է իրականացում՝ «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում» և «Հայաստանի համայնքների միության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդում և Հայաստանում թափանցիկ և մասնակցային տեղական ինքնակառավարման խթանում» ծրագրերը, որոնց հիմնական շահառուները խոշորացված համայնքներն են։ Հանդիպման ժամանակ քննարկվել է անցած 3 տարվա ընթացքում ձեռք բերված փորձը կիրառել նաև առաջիկայում խոշորացվող համայնքներում։
Զրույցի վերջում պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կրկին հանդիպել՝ առավել մանրամասն քննարկելու առկա ծրագրերը»,- ասվում է հաղորդագրության մեջ։