fbpx
Մշակույթ

Թմկաբերդի առումը կոմիքսների ժողովածուի տպագրության համար դրամահավաք է անցկացվում

Այս տարի նշվում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանը:

Ինչպես տեղեկացանում ենք 1Dram թիմի ֆեյսբուքյան էջից, նրանք հանդես են եկել խիզախ նախաձեռնությամբ՝ վերածնունդ տալու մեծն Լոռեցու թողած ժառանգությանը՝ արդի մոտեցումներով ու մատուցմամբ: Նախաձեռնությունը կարող է իրականանալ միայն նվիրաբերությունների միջոցով՝ ծնունդ տալով այդ հրաշալի գաղափարի կայացմանը։

1Dram թիմը հանդես է եկել հայտարարությամբ, որն էլ ներկայացնում ենք ստորև.

Պատկերապատումների՝ նույնը ինքը կոմիքսների ստեղծման գաղափարը և ժրաջան գործն այսօր ծնունդ են տվել Հովհաննես Թումանյանի «Թմբկաբերդի առումը» պոեմի մոտիվներով այս յուրօրինակ աշխատանքին: Ստեղծագործական թիմի մոտ միտքը ծագել էր դեռ տարիներ առաջ, և հստակ էր, որ երկար ու բարդ աշխատանք է սպասվում: «Թմբկաբերդի առումը» այն ստեղծագործությունն էր, որ կարելի էր ու հնարավոր էր մատուցել պատկերապատումների տեսքով:

Մենք հավատարիմ ենք մնացել Թումանյանի պոեմի բովանդակությանը ամբողջովին՝ կոմիքսային լուծումների մեջ չկատարելով սցենարային ոչ մի փոփոխություն, օգտագործելով ճապոնական մանգա ոճը: Երկարատև աշխատանքների արդյունքում, նկարչուհի Քրիստինա Ավանյանի շնորհիվ, ստացել ենք հետաքրքիր, տպավորող ու հիշվող կերպարներ՝ հայկական կոլորիտով ու պատկերներով: Մեր թիմի կողմից ստեղծված պատկերների միջոցով փորձել ենք ցույց տալ Թումանյանի բազմաշերտ պոեմի պատմությունը իր բոլոր երանգներով՝ հայրենասիրության և դավաճանության, սիրո արարող և կործանիչ ուժի մասին:

Կոմիքսը կամ, այլ կերպ ասած, գրաֆիկական պատմվածքն այսօր արդի մշակույթի յուրահատուկ ձևաչափ է, առանձնահատուկ շփում ընթերցողի և հեղինակի հետ: Վերջիններս լրացնում են այն բացով, որը առաջացել է գրքերի նկատմամբ հետաքրքության նվազմամբ: Պատկերները ավելի ճշգրիտ են փոխանցում սյուժեի տրամադրությունը, երանգները և բովանդակությունը:

Գիրքը, որը հնարավոր կլինի տպագրել ձեր նվիրատվության միջոցով, նախատեսված է 12+ տարիքային խմբի համար: Նախաձեռնությանը $20 և ավել գումարով աջակցողները կստանան գիրքը որպես նվեր, ինչպես նաև շնորհանդեսի հրավեր։ Տպագրությունը նախատեսվում է իրականացնել հոկտեմբեր ամսվա ավարտին: Շնորհանդեսը կլինի նոյեմբեր ամսին Թումանյանի տուն թանգարանում։
Գիրքը և հրավիրատոմսը ստանալու համար խնդրում ենք ձեր կոնտակտային տվյալներն ուղարկել մեր էլ. հասցեով` info1dram@gmail.com:

1Dram թիմը լիահույս է, որ այս նախաձեռնությունը լինելու է շարունակական, և մենք կարողանալու ենք զարգացնել հայկական կոմիքսների արվեստը մեր երկրում: Մեզ համար անչափ կարևոր է ձեր աջակցությունը, որպեսզի հասկանանք, որ ճիշտ ճանապարհին ենք:

Մենք հավատում ենք, որ ձեր շնորհիվ կարող ենք ավարտին հասցնել մեր խենթ գաղափարը: Նախաձեռնությունը լինելու է շարունակական, և մենք մշտապես փորձելու ենք ձեզ ներկայացնել նոր կոմիքսների, պատկերապատումնեի շարք:

Նվիրաբերության համար կարող եք սեղմել այստեղ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ