Էկո

Տնկվեցին 10 միլիոն ծառ նախաձեռնության առաջին 1000 ծառերը

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն Արագածոտնի մարզում էր, որտեղ պաշտոնապես տրվեց «10 միլիոն ծառ» համահայկական նխաձեռնության 2021 թվականի ծառատունկերի մեկնարկը։

Նախարար Ռոմանոս Պետրոսյանը, ՇՄ նախարարության Անտառային կոմիտեի նախագահի ժ/պ Արթուր Պետրոսյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Պավել Ցուգունյանը, Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Կարեն Մինասյանը, Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը, Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հասմիկ Խուրշուդյանն ու համալսարանի ուսանողներ հյուընկալվեցին Արագածոտնի մարզում «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի՝ Կարինի տնկարանում, որն հիմնադրամի առաջին տնկարանն է՝ հիմնված 1994 թվականին։ Ներկա էր նաև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը։

Իր ողջույնի խոսքում նախարար Պետրոսյանն ազդարարեց «10 միլիոն ծառ» նախաձեռնության 2021 թվականի ծառատունկերի մեկնարկի մասին և անդրադարձավ ծառ տնկելու ու անտառվերականգնման շնորհակալ գործին․

«Օրվա խորհուրդը մենք պայմանավորել ենք վերածննդի հետ։ Ծառ տնկելն ինքնին, բացի շնորհակալ գործից, հետպատերազմական վերականգնման այս շրջափուլում մեր ժողովրդի, պետության ու պետականության, Արցախի Հանրապետության համար նաև վերածննդի խորհուրդ ունի։Շրջակա միջավայրի նախարարությունն իր կարողությունների ամբողջական ներգրավմամբ, Կառավարության մյուս գերատեսչությունների հետ, մարզպետարանների օժանդակությամբ, Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների, ուսումնական հաստատությունների հետ համատեղ մտադիր է Հայաստանում և Արցախում տնկել 10 միլիոն ծառ»։

Նախարարը ներկայացրեց նախարարության կողմից նախատեսած ծառատունկերի ժամանակացույցը և խոսեց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվան հաջորդող օրը՝ ապրիլի 25-ին սպասվող համապետական ծառատունկի մասին, որի ժամանակ տնկվելու է 100,000 ծառ։
Այս ամենը միտված է ավելի լավ, կանաչ, խնամված ու պատասխանատու կառավարման ներքո շրջակա միջավայրի կայուն զարգացումն ապահովելու նախադրյալներ ստեղծելուն և արդյունավետ կառավարում իրականացնելուն։

Նախարարն անդրադարձ կատարեց Շրջակա միջավայրի նախարարության և Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի միջև կնքված հուշագրով ամրագրված փոխգործակցությանը, վերհաստատելով, որ անտառների արդյունավետ պահպանման, կառավարման ու զարգացման գործում կա երիտասարդ, հավակնոտ, առաջադեմ ու ինովատիվ հայացքների տեր,կարծրատիպեր կոտրող երիտասարդ մասնագետների կարիք։

««10 միլիոն ծառ» նախաձեռնությունը մեր երկու կառույցների միջև կնքված հուշագրի ու երկուստեք համագործակցության պատրաստակամության, բարի կամքի ու բարեկամության կյանքի կոչման համար լավագույն հնարավորությունն է,-ասաց նախարարը, հույս հայտնելով, որ համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը կապահովի երիտասարդների էլ ավելի լայն ներգրավվածությունը գործընթացին,-ծառ տնկելը, խնամելը, ամենաշնորհակալ գործն է։ Յուրաքանչյուր մարդ, ով ծառ է տնկում ու խնամում շրջակա միջավայրի մի բաղադրիչ, հաստատապես լավ քաղաքացի է պետության համար»։

Ելույթներով հանդես եկան նաև Արագածոտնի մարզպետը և մյուս հյուրերը։ Միջոցառման առաջին մասի ավարտից հետո Շրջակա միջավայրի նախարարը և Արագածոտնի մարզպետը տնկարանի տարածքում խորհրդանշական ծառատունկ իրականացրեցին, որից հետո տնկարանի մասնագետների ուղեկցությամբ ուսանողների հետ շրջայց կատարեցին տարածքում՝ ծանոթանալով առկա հզորություններին և իրականացվող հսկայածավալ ծրագրերին։

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի Քուչակ գյուղի տարածքում տնկվեցին «10 միլիոն ծառ» նախաձեռնության 2021 թվականի ծառատունկերի մեկնարկն ազդարարող առաջին 1000 ծառերը։Ծառատունկն իրականացվեց «Հայանտառ»-ի աշխատակիցների գործուն աջակցությամբ, ովքեր ուսանողներին ներկայացրեցին ծառատունկի ողջ գործընթացը, կիսվեցին իրենց փորձով և օգնեցին ծառեր տնկել՝ դառնալով այդչափ կարևոր համահայկական վերածննդի նախաձեռնության մի մասնիկը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ