fbpx
Գիտություն

Թոմաս Էդիսոնը սխալվում էր․ ինչու՞ է պետք նորմալ քնել

«Քունը ժամանակի անիմաստ կորուստ է», – համոզված էր ամերիկացի հայտնի գործարար, էլեկտրական լամպը հայտնագործած ու իր անվան տակ ավելի քան 1000 գյուտ արտոնագրած Թոմաս Էդիսոնը։

Էդիսոնը սա ասել է մեկ դար առաջ, սակայն այս բառերը արդիական են մինչև օրս, ու դրանք կարող ենք լսել շատ-շատերի շուրթերից, և սա այն դեպքում, երբ քնի կարևորության մասին գիտական աշխարհում սկսել են լրջորեն խոսել դեռ նախորդ դարի 50-ականներից։ Այդ ժամանակ նոր-նոր ծնունդ էր առնում քնի մասին գիտությունը՝ Սոմնոլոգիան, որը վերջին 30 տարիների ընթացքում մեծ թափով զարգանում է ու արդեն հասցրել է դառնալ գիտության լիիրավ «անդամ»։

Ինչևէ, սոմնոլոգիան թողնենք հանգիստ ու անդրադառնանք բուն թեմային և հասկանանք, թե Էդիսոնի խոսքերը որքանով են մոտ իրականությանը։

Երբ հայտնի գիտնականն իր կարծիքն էր հայտնում քնի մասին, նրան և, ընդհանրապես, մարդկությանը դեռ հայտնի չէին փաստագրված տվյալներ նորմալ քնի օգտակարության ու վատ քնի վնասակարության մասին։ Սա կարող է ինչ-որ չափով արդարացնել Էդիսոնի նման կարծիքը, բայց այսօր արդեն կան բազմաթիվ հետազոտություններ և ուսումնասիրություններ, որոնք հստակորեն սահմանում են՝ «նորմալ քունն առողջության հիմնաքարերից է»։

Այժմ նորմալ է համարվում 6-ից 9 կամ 10 ժամյա քունը, իսկ որպես ոսկե միջին խոսվում է 8 ժամ տևողությամբ քնի մասին։ Կոնկրետ ժամաքանակ որոշելու համար պետք է անհատական մոտեցում, բայց 8 ժամը սովորաբար բավարար է լինում։ Ամեն դեպքում, առավոտյան մենք մեզ պետք է առույգ զգանք։ Սա քնելու ամենաակնհայտ պատճառն է, ու քնի գրաֆիկ ընտրելիս կարելի է նաև կողմնորոշվել առավոտյան առույգ լինել-չլինելու փաստով։ Այսինքն՝ նորմալ է, եթե առույգ ենք, նորմալ չէ, եթե առույգ չենք։

Իսկ ինչ վերաբերում է վատ քնելու վնասներին, ապա այստեղ բավական է միայն մեջբերել 153 հետազոտություններից ստացված ընդհանրական արդյունքները։ Այդ հետազոտություններին մասնակցել է ավելի քան 5 միլիոն մարդ։ Արդյունքները ցույց են տալիս, որ քնի անբավարարությունն ուղիղ կապ ունի շաքարային դիաբետի, բարձր ճնշման, սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, իշեմիկ հիվանդությունների, գիրացման և ուղեղի աշխատանքի վատթարացման հետ։ Ուղեղի վատ աշխատանքի հետ համընթաց վատանում են նաև հիշողությունը, կենտրոնացումը, կամքի ուժը և այլն։

Եթե Էդիսոնը քնում էր քիչ, բայց իր ժամանակը նվիրում էր գիտությանն ու հայտնագործություններին, ապա քնելու փոխարեն ինչո՞վ է զբաղված ներկայիս մարդը։ Համակարգիչ, սմարթֆոններ, համացանց, սոցիալական ցանցեր, տարատեսակ հաղորդումներ, գիշերային ակտիվ ժամանց և այլն․ այս շարքը կարելի է շարունակել շատ երկար, բայց, միևնույնն է, դրանց մեջ հավանաբար չի հայտնվի այնպիսի մի պատճառ, որն ավելի կարևոր ու թանկ է, քան առողջությունը։

Առողջ քնեք և եղեք առողջ․․․ Ու մի հավատացեք Էդիսոնին։

Նյութի հեղինակ՝ Հարություն Ստեփանյան։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ