Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տորան հայտարարել է, որ կոչ է անում Իսպանիայի կառավարությանը խնդրի կարգավորման համար երկխոսություն սկսել առանց նախապայմանների, որի շրջանակում ինքը պաշտպանելու է ինքնորոշման իրավունքը:
«Կատալոնիայի կառավարությունը հանդես է գալիս քաղաքական ու ժողովրդավարական կարգավորման օգտին՝ կոչ անելով Իսպանիայի վարչապետի պաշտոնակատարին՝ երկխոսություն սկսել առանց նախապայմանների, որտեղ կողմերից յուրաքանչյուրը կարողանար առաջարկել ներկայիս հակամարտության լուծման պայմաններ: Այդ երկխոսության շրջանակում ժեներալիտետը պաշտպանելու է Կատալոնիայի ինքնորոշման իրավունքը»,-հայտարարել է Տորան Բարսելոնայում կայացած մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է 24 Horas հեռուստաալիքը:
Տորան նաև հայտնել է, որ վերջին օրերին ընդհանուր առմամբ չորս անգամ զանգահարել է Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսին, բայց նա այդպես էլ չի համաձայնել խոսել իր հետ:
Ժեներալիտետի ղեկավարի կարծիքով՝ դա վկայում է Իսպանիայի կառավարության ղեկավարի անպատասխանատվության մասին: