Աշխարհ
03:00 22/05/2020

Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն դուրս կգա Բաց երկնքի մասին համաձայնագրից

«Ամերիկայի ձայնը»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ  Բաց երկնքի պայմանագրից ԱՄՆ-ն դուրս է գալու։ Թրամփը ընդգծել է, որ  ինքը լավ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ, սակայն Մոսկվան չի պահպանում պայմանագիրը։

«Ռուսաստանին բռնացրել են շատ վատ բաներ անելիս»,- նշել է ԱՄՆ նախագահը։ Թրամփը համոզված է, որ այս որոշումը «կգործի»։

«Կարծում եմ, որ մենք Ռուսաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, սակայն Ռուսաստանը հավատարիմ չի մնացել պայմանագրին: Քանի դեռ դա այդպես է, մենք դուրս կգանք: Սակայն շատ լավ հնարավորություն կա, որ մենք կարող ենք հասնել նոր համաձայնագրի կամ ինչ-որ բան կանենք, որպեսզի կրկին միասին վերադարձնենք այդ համաձայնագիրը»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հստակեցրել է, որ Վաշինգտոնը դուրս կգա համաձայնագրից 6 ամիս հետո։ Նա նաև ընդգծել է, որ ամերիկյան իշխանությունները կարող են վերանայել այդ որոշումը, եթե Մոսկվան հավատարիմ մնա պայմանագրին։

Իր հերթին, ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն հայտնել է, որ Մոսկվայի կողմից պայմանագրի որևէ խախտում չի եղել:

Գրուշկոն ընդգծել է, որ «Բաց երկնքի մասին» համաձայնագիրը 20 տարուց ավելի Եվրոպայում պահպանել է խաղաղությունն ու անվտանգությունը և բաղկացուցիչ մասն է եղել ռազմական անվտանգության համակարգի, որտեղ բոլոր տարրերը փոխկապակցված են։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ