ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը դատական հայց է ներկայացրել The New York Times թերթի դեմ․ նրանք ԶԼՄ-ին մեղադրում են զրպարտության համար: Այս մասին նշված է շտաբի Twitter-ի էջում։
Գործող նախագահի ներկայացուցիչները կարծում են, որ թերթը միտումնավոր կեղծ տեղեկություններ է հրապարակել 2016 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ՌԴ միջամտության մասին:
«Նյու Յորք նահանգի Գերագույն դատարանում ներկայացված հայցը միտված է պատասխանատվության ենթարկել ընկերությանը՝ նախագահի արշավի դեմ կեղծ հայտարարությունների միտումնավոր հրապարակման համար»,- հայտարարել է ԱՄՆ նախագահի ավագ իրավախորհրդատու Ջեննա Էլիսը:
Հայցում նաև նշվում է, որ պարբերականը տեղյակ է իր նյութերում ներկայացված տեղեկությունների կեղծ լինելու մասին, սակայն հրապարակել է Թրամփի նախընտրական արշավին վնաս հասցնելու դիտավորությամբ՝ մոլորեցնելով իր ընթերցողին:
Խոսքը the Real Trump-Russia Quid Pro Quo նյութի մասին է, որը հրապարակվել է 2019 թվականի մարտի 27-ին:
Նյութում հոդվածի հեղինակը, մասնավորապես, պնդում է, որ 2016 թվականի հունիսին Թրամփի շտաբից և ՌԴ-ից որոշ ներկայացուցիչներ Trump Tower-ում կայացած հանդիպման ժամանակ «համապարփակ գործարք» են կնքել՝ պատժամիջոցների վերացում՝ ընտրություններում Հիլարի Քլինթոնի պարտության դիմաց:
The New York Times պարբերականը հաստատել է իր դեմ ներկայացված հայցի վերաբերյալ տեղեկությունների իսկությունը՝ ընդգծելով, որ Թրամփը դատարանով բազմիցս սպառնացել է լրատվամիջոցներին, սակայն իր նախագահության ընթացքում առաջին անգամ է իրագործում սպառնալիքը: