ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել՝ ըստ որի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնին հավակնում է 5 թեկնածու։
Սպիտակ տան ղեկավարի հավաստմամբ՝ այս հինգ թեկնածուներն էլ խորհրդականի պաշտոնը զբաղեցնելու մեծ ցանկություն ունեն։
«Կա հինգ թեկնածու, որոնց հետ ես ծանոթացել եմ վերջին 3 տարիների ընթացքում, և որոնց ես համարում եմ բարձր որակավորում ունեցող մասնագետներ»,- մանրամասնել է ԱՄՆ նախագահը ու տեղեկացրել նաև, որ ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի անունը հայտնի կլինի հաջորդ շաբաթ։
Ինչ վերաբերում է այդ պաշտոնից Ջոն Բոլթոնի ազատմանը, ապա ԱՄՆ նախագահը նշել է, որ նրան պաշտոնից ազատել է կոպիտ սխալներ թույլ տալու պատճառով։ Նա հաճախ ընդհանուր հայտարարի չի եկել Սպիտակ տանը կարևոր դերակատարում ունեցող անձանց հետ։
Նրա խոսքով՝ Բոլթոնը վարչակազմի մի շարք աշխատակիցների հետ ընդհանուր լեզու չի գտել և «մի քանի լրջագույն սխալներ է թույլ տվել»։
«Իրականում ես շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Բոլթոնի հետ, սակայն նա ընդհանուր լեզու չէր գտնում վարչակազմից մարդկանց հետ, որոնք ինձ համար կարևոր նշանակություն ունեն»,-ասել է Թրամփը: