fbpx
Աշխարհ
19:30 24/09/2019

Թրամփը հերքում է Զելենսկու հետ հեռախոսազրույցի շուրջ պտտվող սկանդալային լուրերը

ԱՄՆ-ն Ուկրաինային չի սպառնացել ֆինանսական օգնության դադարեցմամբ, եթե Կիևը հրաժարվի ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի որդու գործողությունների հետաքննությունից։ Այս մասին, ինչպես գրում է korrespondent.net-ը, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակում իր լեհ գործընկեր Անջեյ Դուդայի հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերինն:

«Ես չեմ խնդրել։ Ես նման հայտարարություն չեմ արել, որ պետք է սա անեք, հակառակ դեպքում ես ձեզ օգնություն չեմ տրամադրի: Ես նման բան չէի անի»,-հայտնել է Թրամփը՝ հուլիսի 25-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ իր զրույցի բովանդակության մասին հարցին ի պատասխան, որը սկանդալ է առաջացրել Վաշինգտոնում:

Բացի դրանից՝ ԱՄՆ-ի ղեկավարը հնարավոր է համարել, որ Սպիտակ տունը կհրապարակի Զելենսկու հետ զրույցի սղագրությունը:

«Հույս ունեմ, որ երբ տեսնեք հեռախոսազրույցի բովանդակությունը, կհայտնաբերեք, որ ես նման բան չեմ ասել»,-ասել է Թրամփը։

Թրամփի խոսքով՝ ինքը կարող է հեշտությամբ կարգադրել հրապարակել Զելենսկու հետ զրույցի սղագրությունը, բայց չի ցանկանում այդպիսով նախադեպ ստեղծել:

«Կարող եմ դա հեշտությամբ անել, սակայն չէի ցանկանա անել՝ հաշվի առնելով արտասահմանյան առաջնորդների հետ իմ բոլոր զրույցները: Ես կարող եմ այս դեպքում անել, քանզի այն անվնաս հեռախոսազրույց էր՝ ինչպես իր, այնպես էլ ինձ համար: Չեմ կարծում՝ պետությունների ղեկավարների հետ զանգերի բովանդակությունը հրապարակելը լավ նախադեպ է»,-հայտարարել է Թրամփը:

Վկայակոչելով ուկրաինական կողմի արտահայտությունները՝ նա նաև նշել է, որ Կիևը երկու առաջնորդների հուլիսյան զրույցը «շատ լավ» է համարել:

«Եվ նրանք նաև նշել են, որ նախագահի վրա ճնշում չի գործադրվել»,-եզրափակել է Թրամփը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ