Սպորտ

Թրամփը, Մեսսին, Քիմ Քարդաշյանը ցավակցել են Կոբի Բրայանտի մահվան կապակցությամբ

Ինչպես հայտնել ենք, երեկ՝ հունվարի 26-ին, ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը։ Այս առիթով մի շարք հանրահայտ անձինք իրենց ցավակցություններն են հայտնել մարզիկի ընտանիքին։

«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին Instagram-ի իր էջում հիշել է իր և Բրայանտի հանդիպման մասին:

«Ես խոսքեր չունեմ: Իմ ամբողջ սերը՝ Կոբիի ընտանիքին ու ընկերներին: Շատ հաճելի էր նրա հետ հանդիպելն ու ժամանակ անցկացնելը: Մեզնից իսկական հանճար է հեռացել»,-գրել է Մեսսին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում գրել է, որ ինքն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը ցավակցում են Բրայանտի ընտանիքին:

«Չնայած որ նա բոլոր ժամանակների լավագույն բասկետբոլիստներից մեկն էր, սակայն նա նոր էր սկսում ապրել: Նա այնքան շատ էր սիրում իր ընտանիքը և այնքան մեծ խանդավառությամբ էր նայում ապագային: Նրա գեղեցկուհի դստեր՝ Ջիանայի կորուստը ավելի ողբերգական է դարձնում այս պահը»,-հավելել է նախագահը:

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում ևս հուզիչ գրառում է կատարել Բրայանտի մահվան մասին:

«Սիրտս այնքան ծանր է: Ոչ ոք երբևէ չպետք է զգա այն, ինչի միջով այժմ անցնում են զոհերի ընտանիքները: Կատարվածը բոլորիս վրա այնքան է ազդել, բայց ես չեմ էլ կարողանում պատկերացնել՝ ինչ է զգում Վանեսան ամուսնուն և դստերը կորցնելուց հետո: Երբ մտածում եմ այդ մասին, արտասվում եմ: Աղոթում եմ Բրայանտ և սարսափելի ողբերգության հետևանքով մյուս զոհվածների ընտանիքների համար: Հանգչիր խաղաղությամբ, լեգենդ»,-գրել է Քարդաշյանը:

Նա կից հրապարակել է հանգուցյալի և ավիաաղետի հետևանքով զոհված նրա դստեր համատեղ լուսանկարը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ