ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի միջուկային նոր համաձայնագիր կնքել Ռուսաստանի և Չինաստանի հետ:
«Մենք Ռուսաստանի հետ խոսել ենք միջուկային համաձայնագրի մասին, որով նրանք կազատվեն իրենց միջուկային զենքի որոշ մասից, մենք էլ նույնը կանենք: Մենք պետք է Չինաստանին նույնպես ընդգրկենք այդ ամենի մեջ: Այս պահին առաջատարը մենք ենք, Ռուսաստանը երկրորդ տեղում է, Չինաստանը՝ երրորդ: Չինաստանը միջուկային զենքի առումով շատ է զիջում, բայց մենք անպայման ցանկանում ենք Չինաստանին նույնպես ընդգրկել»,-ասել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը հայտնել է, որ այդ հարցը քննարկել է Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների հետ, և Մոսկվան ու Պեկինը մեծ խանդավառությամբ են ընդունել նոր համաձայնագրի կնքման հնարավորությունը:
Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ն պետք է առաջատար լինի միջուկային զենքերի առումով, և հայտնել է, որ շուտով նոր զենք կթողարկվի:
Հիշեցնենք, որ օգոստոսի 2-ին ԱՄՆ-ն պաշտոնապես դուրս է եկել «Փոքր և միջին հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից: Այն կնքվել էր 1987թ.-ին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև: Վաշինգտոնը Մոսկվային մեղադրում էր փաստաթղթի պայմանները խախտելու մեջ: Պայմանագրից դուրս գալու պատճառներից մեկն էլ այն էր, որ Չինաստանը չուներ պայմանագրային որևէ պարտավորություն և նոր հրթիռներ էր մշակում: