Աշխարհ
12:30 17/02/2020

Թրամփը պահանջել է վերացնել Բեն Լադենի կրտսեր որդուն․ NBC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրի հետախուզական ծառայություններից պահանջել է վերացնել ահաբեկիչ Ուսամա բեն Լադեն Համզայի կրտսեր որդուն: Այս մասին հաղորդում է NBC-ն՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի նախկին աշխատակցի:

Նրա խոսքով՝ Թրամփի նախագահության առաջին երկու տարիներին ամերիկյան հետախուզական համայնքի բարձրաստիճան ներկայացուցիչները Սպիտակ տան ղեկավարին ներկայացրել են Միացյալ Նահանգների համար ամենավտանգավոր ահաբեկիչների ցուցակը, որոնց որոնման և վերացման նպատակով մեծ ուժեր են ներգրավվել: Դրանց մեջ եղել է նաև «Արաբական թերակղզում Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Քասիմ ալ-Ռայմին, որը սպանվեց հունվարի վերջին Եմենում ԱՄՆ զինված ուժերի կողմից իրականացված հատուկ գործողության ընթացքում, ինչպես նաև՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին, որը ոչնչացվեց 2019 թվականի հոկտեմբերի վերջին Սիրիայի Իդլիբ նահանգում:

Չնայած նման լուրջ սպառնալիքների առկայությանը՝ Թրամփը հատուկ ծառայություններից նախևառաջ պահանջել է վերացնել Համզա բեն Լադենին, որը, ըստ NBC-ի, շատ ավելի քիչ հեղինակություն ուներ, ավելի քիչ վտանգ էր ներկայացնում և, ըստ լրատվամիջոցի աղբյուրների, հարձակումներ չէր ծրագրում:

«Ես երբեք չեմ լսել այդ մարդկանց մասին: Ի՞նչ կասեք Համզա բեն Լադենի մասին»,-ԱՄՆ առաջնորդին մեջբերում է հեռուստաընկերության աղբյուրներից մեկը:

Ըստ տեղեկությունների՝ Սպիտակ տան ղեկավարն ԱՄՆ-ի համար վտանգավոր ահաբեկիչների վերացման վերաբերյալ որոշումը կայացնելիս առաջնորդվել է բացառապես նրանով՝ գիտի նրանց անուններով, թե ոչ:

2019-ի սեպտեմբերին Թրամփը հայտարարել էր, որ Համզա բեն Լադենը ոչնչացվել է Աֆղանստանի և Պակիստանի տարածաշրջանում իրականացված ԱՄՆ հատուկ գործողության արդյունքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ