Ֆլորիդայի դաշնային դատարանը մերժել է Դոնալդ Թրամփի 10 միլիարդ դոլարանոց հայցը «Ուոլ Սթրիթ Ջորնալ»-ի և մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկի դեմ։ Հայցը վերաբերում էր թերթի այն հրապարակմանը, որում պնդվում էր, թե Թրամփը ծաղրանկարով նամակ է ուղարկել Ջեֆրի Էփշտեյնին։ Դատավոր Դարին Գեյլսի որոշման համաձայն՝ հայցվորը չի կարողացել հիմնավորել «իրական չարամտության» (actual malice) առկայությունը, ինչը պարտադիր պայման է հանրային գործիչների կողմից զրպարտության հայցերի համար։
Դատարանը նշել է, որ պարբերականը հրապարակումից առաջ փորձել է ստուգել տեղեկատվությունը՝ կապ հաստատելով Սպիտակ տան, Արդարադատության նախարարության և Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետ։ Դատավորի խոսքով՝ հայցը չի պարունակում բավարար փաստեր, որոնք վկայում են թերթի կողմից ճշմարտությունը դիտավորյալ անտեսելու մասին։
Չնայած մերժմանը՝ դատարանը Թրամփի իրավաբանական թիմին հնարավորություն է տվել մինչև ապրիլի 27-ը ներկայացնել հայցի լրամշակված տարբերակը։ Թրամփի ներկայացուցիչները հայտնել են, որ մտադիր են օգտվել այդ իրավունքից և շարունակել դատական գործընթացը՝ ընդգծելով, որ իրենք պատրաստվում են պատասխանատվության ենթարկել «կեղծ լուրեր» տարածողներին։

