Իրավական
20:30 12/10/2019

Ծաղկաձորում ապօրինի հողատարածք իրացնելու գործով վարույթը ՀՔԾ-ն որոշել է կարճել

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) պնդում է՝ հիմնավոր փաստեր ունի, որ Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանն ու Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանը 2007 թվականին չարաշահել են պաշտոնեական դիրքն ու փաստաթղթեր կեղծելով, առանց աճուրդ կազմակերպելու Ծաղկաձորում 1 մլն 60 հազար քմ-ից ավելի հողատարածք են իրացրել:

Չնայած այս փաստերին, ՀՔԾ-ն որոշել է քրեական հետապնդում չիրականացնել ու գործով վարույթը կարճել, որովհետև, ըստ քննիչ Գարեգին Բեգոյանի, վաղեմության ժամկետն անցել է: Այդուհանդերձ, քննիչը վստահեցնում է՝ դա չի խանգարելու, որ պետությանը պատկանող 106 հեկտարից ավելի այդ հողատարածքը վերադարձվի պետությանը:

«Միջնորդություններ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ինչպես նաև Գլխավոր դատախազություն, որպեսզի ձեռնարկվեն համապատասխան գործընթացներ այդ աճուրդները առ ոչինչ ճանաչելու և այդ հողատարածքները պետական և համայնքային ֆոնդ վերադարձնելու նպատակով։ Կազմվել և շրջանառության մեջ են դրվել կեղծ փաստաթղթեր կոնկրետ աճուրդները կայանալու և կոնկրետ անձանց կողմից համապատասխան հողատարածքների վերաբերյալ աճուրդում հաղթող ճանաչվելու մասով։ 2009 թվականին վարչատարածքային բաժանման մասին օրենքում կատարված փոփոխությունների համաձայն այդ հողատարածքները ընդգրկվել են Ծաղկաձոր համայնքի վարչական սահմանում, որի արդյունքում, այդ հողատարածքների կադաստրային արժեքը բարձրացել է մի քանի անգամ։ Այսինքն՝ քրեական գործի քննության ընթացքում ձեռք են բերվել բավարար ապացույցների համակցություն Կովալենկո Շահգալդյանի և Արամ Դանիելյանի կողմից ենթադրաբար պաշտոնական լիազորությունները չարաշահելու և աճուրդային հանձնաժողովի անդամների կողմից փաստաթղթի կեղծիք կատարելու վերաբերյալ»,-նշեց Գարեգին Բեգոյանը։

Քննիչ Բեգոյանն ասում է՝ քրեական իրավունքում կան վաղեմության ժամկետներ: Մասնավորապես՝ 12 տարի առաջ կատարված այս արարքը որակվել է որպես ծանր հանցանք, ինչի դեպքում 10 տարի հետո վաղեմության ժամկետը համարվում է անցած: Ըստ օրենքի, եթե գործը գնար դատարան ու նախկին մարզպետը և նախկին քաղաքապետը մեղավոր ճանաչվեին, միևնույն է՝ դատարանը չէր կարող նրանց քրեական պատասխանատվության ենթարկել:

«Ընդունենք, եթե անձինք սույն քրեական գործի ընթացքում գային առարկեին վաղեմության ժամկետների մասով, և քրեական գործը գնար դատարան, այնուհանդերձ, եթե նույնիսկ անգամ նրանք մեղավոր ճանաչվեին դատարանի կողմից, նրանց նկատմամբ դատարանը զրկված էր լինելու ռեալ պատիժ նշանակելու հնարավորությունից իմ կողմից նշված օրենսդրական արգելքի հիմքով, այսինքն՝ եթե վաղեմության ժամկետները անցել են, այսպես թե այնպես անձը չէր կարող ենթարկվեր կոնկրետ ռեալ պատժի», – ասաց Բեգոյանը։

Հիշեցնենք՝ 15 տարի Հրազդանը ղեկավարած, մի շարք աղմկահարույց պատմություններով անցած Արամ Դանիելյանի հրաժարականին քաղաքի ավագանին 2018-ին միաձայն կողմ էր քվեարկել: Կովալենկո Շահգալդյանի անունը նույնպես կապվում է մի քանի աղմկահարույց պատմությունների հետ, նա էլ Կոտայքի մարզը 10 տարուց ավելի է ղեկավարել:

Հանրապետական կուսակցության անդամներ Կովալենկո Շահգալդյանին ու Արամ Դանիելյանին հարցրեցինք՝ ընդունո՞ւմ են, որ կեղծ աճուրդ կազմակերպելով 1 մլն 60 հազար քմ-ից ավելի հողատարածքներ են իրացրել: Երկուսն էլ հրաժարվեցին հարցազրույցից, ասելով՝ զբաղված են, իսկ Շահգալդյանը հավելեց՝ այդ հարցին չի պատասխանելու,
որովհետև դա իրականությանը չի համապատասխանում:

ՀՔԾ պետին առընթեր, հատուկ կարևորագույն գործերով ավագ քննիչ Գարեգին Բեգոյանից հետաքրքրվեցինք՝ կարո՞ղ են Շահգալդյանն ու Դանիելյանը հերքել իրենց մասնակցությունը այս գործին:

«Չեն կարող, որովհետև արդեն նշեցի, որ սույն քրեական գործով ձեռք են բերվել փաստական հանգամանքներ, ապացույցներ, այսինքն, օրինակի համար, որպեսզի ավելի առարկայական լինի՝ գոյություն ունի աճուրդային գործ, աճուրդային գործերի առգրավումից հետո մենք քննություն ենք իրականացրել այդ աճուրդին մասնակցող մարդկանց մասով, այն անձինք, ովքեր որ երկրորդ եղել են հայտատու, այսինքն՝ հաղթող չճանաչված անձինք, գրեթե բոլորը միանշանակ, միաբերան պնդել են, որ նրանք չեն մասնակցել աճուրդին և իրենց անունից ներկայացված հայտում առկա ստորագրությունը իրենց չի պատկանում, կեղծված է, այսինքն՝ սա հաստատվել է», – պատասխանեց Բեգոյանը։

Աղբյուրը՝ Azatutyun.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ