fbpx
Գիտություն

06:00 25/8/2019

Ծովային մանրէները կարող են նավթը վերածել գազի․ գիտնականներ

Օվկիանոսների և ծովերի հատակի ճեղքերից դեպի վեր, ծովի ջրում հայտնվում են տարատեսակ ածխաջրածիններ, որոնք նավթ ու գազ են ձևավորում։ Նավթը բաղկացած է մեծ, երկար ածխաջրածնային մոլեկուլներից, իսկ բնական գազը մեթանի՝ СН4-ի փոքր մոլեկուլներ են։ Բայց մինչև ջրի մակերես ածխաջրածինները հաճախ չեն հասնում, դրանք իրենց նպատակների համար օգտագործում են տարբեր մանրէները, որոնք ապրում են հենց հատակում։

Մանրէները բակտերիաներ են և միաբջիջ միկրոօրգանիզմներ՝ արխեաներ, որոնք սովորել են ապրել թթվածնի գրեթե լիակատար բացակայության պայմաններում (ջրի մեծ խորություններում թթվածին գրեթե չկա) և որպես էներգիայի աղբյուր օգտագործել ամենատարբեր նյութեր, այդ թվում և ածխաջրածիններ։ Մաքս Պլանկի ընկերության ծովի միկրոկենսաբանության ինստիտուտի և Բրեմենի համալսարանի հետազոտողները Մեքսիկական ծոցում արշավի ժամանակ 3000 մետր խորությունից հանել են միաբջիջ միկրոօրգանիզմների՝ արխեաների նմուշներ, որոնք, դատելով ըստ գեների, կարող էին նավթը վերածել գազի, այսինքն՝ քայքայել երկար ածխաջրածինները՝ դրանք վերածելով մեթանի և ածխաթթու գազի։

Ընդհանրապես, նավթի՝ գազի վերածվելու այս միկրոկենսաբանական ձևը հայտնի է եղել վաղուց, բայց սովորաբար այստեղ գործի են դրվում երկու տարբեր միկրոօրգանիզմներ՝ արխեան և բակտերիան։ Բայց նոր արխեան, որն ստացել է նախնական Methanoliparia անվանումը, գենոմում ունի ֆերմենտ, որը թույլ է տալիս քայքայել երկար ածխաջրածինները այն ռեակցիայի ժամանակ, երբ նույն տարրը հանդես է գալիս թե՛ որպես թթվեցնող, թե՛ որպես վերականգնող։ Methanoliparia-ն նստում է նավթի կաթիլների վրա, բայց նրա կողքին հետազոտողներն այլևս ոչինչ չեն նկատել, այսինքն, ըստ երևույթին, ոչ մի սիմբիոնտ նրան իսկապես հարկավոր չէ։

Իհարկե, նավթի՝ գազի վերածումը, որը միայնակ կատարում է Methanoliparia-ն, առայժմ ուղղակիորեն տեսնել չի հաջողվում, դրա համար արխեան պետք է աճեցվի լաբորատորիայում։ Ի դեպ՝ աշխատանքի հեղինակները կարծում են, որ առաջիկայում Methanoliparia-ն կենթարկվի վարժեցման, և այդ ժամանակ մենք կիմանանք նրա ածխաջրածնային քիմիայի նոր մանրամասներ։ Գուցե նրա օգնությամբ հաջողվի մշակել ինչ-որ նոր ռեակցիաներ, որոնք անհրաժեշտ կլինեն արդյունաբերական օրգանական սինթեզում։

Վերեվ