Քաղաքականություն

Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդները դադարեցնում են դատական նիստերին իրենց մասնակցությունը

«Մարտի 1-ի» գործով տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները վաղվանից դադարեցնում են դատական նիստերին իրենց մասնակցությունը։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտնել է նրանց ներկայացուցիչներից Տիգրան Եգորյանը։

««Մարտի 1-ի» գործով դատախազությունը չէր դրսևորում բավարար կամք եւ ջանադրություն՝ քրեական հետապնդումները համակարգված և հետևողականորեն իրականացնելու ուղղությամբ, առանձին դեմքեր հնարավորություն էին ստանում խուսափելու քննությունից, կամ նրանց ընծայվում էր, այսպես կոչված, հնարավորություն ազատվելու քրեական հետապնդումից»,- ընդգծել է Եգորյանը՝ անդրադառնալով վերջին 2 տարվա իրողություններին:

Տիգրան Եգորյանի խոսքով՝ «Մարտի 1-ի» գործը մեկ դատավորի ուսերին թողնելը այդ գործի քննությունը ձախողելու նկատմամբ անտարբերության նշան է։

«Այժմ, երբ Մարտի 1-ի հիմնական գործի նախաքննությունը, ըստ էության, դադարեցված է, իսկ դատաքննությունը վերածվել է թանկարժեք ժամավաճառության և ֆարսի, դատարանի բակում և նիստերի դահլիճում տիրում է կամայականություն, որն ուղղված է Սահմանադրությամբ հռչակված արժեքների դեմ և արժանանում է բարձր հանդուրժողականության, իսկ նախագահող դատավորն իր իշխանությունը կարծես միայն տուժողների իրավահաջորդների նկատմամբ է կարողանում իրացնել, մենք դադարեցնում ենք մեր ֆիզիկական մասնակցությունը այդ անբովանդակ միջոցառմանը»,- հավելել է Տիգրան Եգորյանը։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ