fbpx
Աշխարհ

Միաժամանակ 2 նոր ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում

Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգում երկու երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման թուրքական գրասենյակը (AFAD):

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտնել է, որ ցնցումների հետևանքով առնվազն 3 մարդ զոհվել է, 213 հոգի վնասվածքներով հոսպիտալացվել են։ Նրա խոսքով, երեք ավերված շինությունների փլատակների մեջ որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում։ Խիստ վթարային են դարձել որոշ շինություններ, որոնք մասամբ տուժել էին, ճաքեր ստացել փետրվարի 6-ի երկրաշարժերի հետևանքով:

6,4 մագնիտուդով (8-9 բալ) առաջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 20:04-ին, երկրորդը՝ 5,8 մագնիտուդով (7 բալ)՝ 20:07-ին։

Երկրաշարժի օջախները գտնվել են համապատասխանաբար Դեֆնե եւ Սամանդաղ շրջաններում։

Առաջին երկրաշարժի աղբյուրը գտնվել է 16,7 կմ խորության վրա, երկրորդը՝ 7 կմ։

Երկրաշարժը զգացվել է հարևան նահանգներում, ինչպես նաև Սիրիայում, Լիբանանում, Հորդանանում, Իրաքում, Պաղեստինում և Իսրայելում։

Սիրիայում երկրաշարժի արձագանքները զգացել են Իդլիբի, Հալեպի, Համայի, Աֆրինի, Աազազի, Ջերաբլուսի, Էլ Բաբի և Թել Աբյադի բնակիչները։ Մարդիկ խուճապահար վազել են փողոցներ՝ վախենալով իրենց կյանքի համար։ Որոշ շենքեր ավերվել են։

Լիբանանում երկրաշարժը զգացվել է ողջ երկրում, այդ թվում՝ մայրաքաղաք Բեյրութում։ Շատերը խուճապահար դուրս ենեկել փողոցներ:

AFAD-ը քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռու մնալ առափնյա գծից՝ ծովի մակարդակի՝ 50 սանտիմետրով բարձրանալու վտանգի պատճառով։

Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը բնակիչներին հորդորել է չմոտենալ վնասված շենքերին։

Նշվում է, որ 6,4 մագնիտուդով երկրաշարժին, որի էպիկենտրոնը գտնվում էր Դեֆնե շրջանում, հետևել է 32 հետցնցում։

Հաղորդվում է, որ Իսկենդերուն քաղաքում դատարկ եռահարկ շենք է փլուզվել: Եվս երկու շենք է ավերվել նահանգի վարչական կենտրոնում՝ Անթաքիայում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ