Աշխարհ

Թուրքերը պատրաստվում են 10 ռազմաբազա հիմնել Սիրիայի անվտանգության գոտում

Թուրքական «Haber 7» լրատվամիջոցը մանրամասներ է ներկայացրել Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտու շուրջ ընթացող թուրք-ամերիկյան բանակցություններից։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Հիշեցում է արվում այն մասին, որ կողմերը պայմանավորվել էին ստեղծել Սիրիայի անվտանգության գոտու համակարգման և ղեկավարման համատեղ կենտրոն: Այդ ուղղությամբ աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:

Ըստ աղբյուրի փոխանցած տեղեկությունների՝ վերջերս ԱՄՆ-ից Թուրքիայի սահմանամերձ Շանլըուրֆա ժամանած 6 հոգանոց զինվորական պատվիրակությունը թուրքական կողմին պահանջ է ներկայացրել, որ Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտին ունենա 15կմ խորություն: Իսկ թուրքական կողմը ցանկանում է, որ այդ գոտին ունենա 40կմ խորություն՝ ներառելով Սիրիայի Հալեպ և Ռաքքա քաղաքներն իրար կապող ավտոճանապարհը։

Բանակցություններն ընթացել են թուրք-սիրիական Աքչաքալլե անցակետի մոտ գտնվող 3-րդ սահմանային գնդի հրամանատարությունում և մամուլի համար դռնփակ պայմաններում։

«Եթե հաջողվի, ապա Թուրքիայի զինուժը Սիրիայի տարածքում կունենա 10 ռազմաբազա»,- ասվում է հրապարակման մեջ և նշվում, որ այդ ռազմաբազաները կհիմնվեն Սիրիայի Այն էլ Արաբ, Թալաբադ, Ռես էլ այն, Ղամըշլը, Դերբեսիյե, Ամուդե բնակավայրերում, իսկ մնացածները՝ այլ տարածքներում։

Անվտանգության գոտում ծառայություն իրականացնող ամերիկացի զինվորականների մի մասը կմնա Թուրքիայում, իսկ մյուս մասը կմեկնի Սիրիա։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ