Թուրքիան լիակատար աջակցում է Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը, մինչդեռ Ֆրանսիան ու Գերմանիան շրջանցում են այդ հարցը, որպեսզի չսրեն հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցի ժամանակ։
«Թուրքիան միշտ աջակցել է Վրաստանի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, իսկ Ֆրանսիան և Գերմանիան չեն համարձակվում նման քայլ անել՝ զգուշանալով Ռուսաստանի դժգոհությունից»,-ասել է Չավուշօղլուն։
2019 թվականի ապրիլին ՆԱՏՕ-ի անդամ երկրները Վաշինգտոնում համաձայնեցրել են Սև ծովում Վրաստանին և Ուկրաինային աջակցելու քայլերը: Քայլեր են ձեռնարկվել նաև Սև ծովում իրավիճակի մասին ՆԱՏՕ-ի իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ:
Մոսկվան մեկ անգամ չէ, որ անհանգստություն է հայտնել դաշինքի և Վաշինգտոնի կողմից Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման վերաբերյալ: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտարարել էր, որ Ռուսաստանը ոչ ոքի համար սպառնալիք չի հանդիսանում, սակայն միևնույն ժամանակ անուշադրության չի մատնի այն քայլերը, որոնք պոտենցիալ վտանգ են ներկայացնում Ռուսաստանի շահերի համար: