Թուրքիայում ձերբակալվել է Էրզրումի Քարայազը շրջանի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» (HDP-ԺԴԿ) ընտրված քաղաքապետ Մելիքե Գյոքսուն:
Քաղաքապետի հետ միասին ձերբակալվել են ևս 5 անձինք, որոնցից 2-ը քաղաքային խորհրդի (ավագանու-խմբ.) անդամներ են: Հաղորդվում է, որ որոշ ժամանակ առաջ Էրզրումի ծանր հանցագործությունների 2-րդ դատարանում տեղի ունեցող գործերից մեկի շրջանակներում «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու» մեղադրանքով Գյոքսուի և մյուսների վերաբերյալ 7 տարի 6 ամիս ազատազրկման որոշում էր կայացվել, ինչը սակայն բողոքարկվել էր: Բողոքը քննող բարձրագույն դատարանը օրերս անփոփոխ է թողել նախորդ դատարանի որոշումը, ինչի հետևանքով քաղաքապետը, ավագանու 2 անդամներն ու ևս 3 հոգի ձերբակալվել են: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Աղբյուրը նշում է, որ նախօրեին էլ ձերբակալվել էր Դիարբեքիրի Քուլփ (պատմ. Սասունի Խուլփ գավառակ) շրջանի ԺԴԿ-ական քաղաքապետ Մեհմեթ Ֆաթիհ Թաչը: Թաչի ձերբակալությունից հետո Քուլփ քաղաքապետարանի վրա պետական կառավարիչ (հոգաբարձու) է նշանակվել: