Քաղաքականություն

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների ակունքում ռուս-թուրքական սիրախաղերն էին. Լևոն Շիրինյան

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը մայիսի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով մայիսի 1-3-ն Ադրբեջանում անցկացված «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2019» խորագրով թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժություններին, նշեց, որ զորավարժություններին այդ անվանումը տված հեղինակները պետք է ասեին՝ «Քեմալ Աթաթուրք Լենին» զորավարժություններ:

Քաղաքագետը կարծում է, որ դրանց ակունքում 1920 թվականի ռուս-թուրքական սիրախաղերն էին, որի ստորագույն օղակը եղել և մնում է հայ բոլշևիզմը: Այս զորավարժություններն, ըստ նրա, աննախադեպ էին:

«Ինչքան ես եմ հիշում, երբեք բաց հայտարարված նման կարգի զորավարժություն թյուրքական երկու պետությունների միջև Արցախի հայկական տարածքի շուրջ և Իրանի հարևանությամբ տեղի չի ունեցել: Երբ այդ վիճակը եղել է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, գոնե մենք՝ հայերս և պարսիկները, լավագույն ձևով դրան դիմակայել ենք և արդյունքներ ունեցել ենք: Մոսկվայի 21 թվականի պայմանագիրը պիտի ուսումնասիրվի: Ուսումնասիրվի ոչ միայն հետազոտողի կողմից, այլ արտգործնախարարությունը պետք է աշխատի այդ փաստաթղթի ուսումնասիրության հիմքի վրա, ոչ միայն հասկանա օրենքի տառը, այլև առկա գեոքաղաքական ենթատեքստը», – ասաց Շիրինյանը:

Լևոն Շիրինյանը կարծում է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը շտապ կոնսուլտացիաների մեջ է ՌԴ-ի հետ, քանի որ կարծում է՝ այդ դաշնագրի տրամադրությունները Թուրքիայի կողմից խախտված են:

«Դա, եթե բառացիորեն պայմանագիր չդիտենք, Այսրկովկասը ժամանակին ռուս-թուրքական ազդեցության գոտու բաժանելու մասին է: Այդ պայմանագիրը պետք է ուսումնասիրվի, և ՌԴ-ն ունի ուղիղ պարտավորություններ: Թուրքիան, մենք հանդուրժեցինք, մտավ Նախիջևան, որ չպիտի մտներ` ըստ այդ պայմանագրի: Երկու գերատեսչությունները պիտի աշխատեն ՌԴ-ի հետ՝ հետևողականորեն պահանջելով, որ կատարի ոչ միայն այսօրվա պարտավորությունները, այլև 1920 թվականի դեկտեմբերի 2-ի Երևանի համաձայնագրի 7-րդ, թե 8 -րդ կետը, ըստ որի՝ Ռուսաստանը, եթե Հայաստանը սովետականանում է, իր վրա է վերցնում Հայաստանի հանդեպ բոլոր պարտավորությունների կատարումը»,-հայտարարեց Լևոն Շիրինյանը:

Բանախոսը կարծում է՝ հեղափոխությունը որակական փոփոխություններ է պահանջում այս ոլորտում, հետևաբար` Ռուսաստանի հետ պետք է հարաբերվել արժանապատվորեն:

«Գեոստրատեգիական վիճակը փոխվում է` ի վնաս մեզ: Հայաստանը պետք է միջազգային դատարաններ քարշ տա այս պայմանագիրը խախտող կողմերին: Պետք է պահանջվի աշխատեցնել Երևան-Նախիջևան-Թավրիզ երկաթգիծը»,-ասաց քաղաքագետը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ