fbpx
Աշխարհ

Թուրք կուսակցապետն առաջարկում է հարվածել հույներին՝ հիշեցնելով Հայաստանի մասին Օզալի խոսքերը

Թուրքիայի կողմից Կիպրոսի ափերին սկսված նավթագազային հորատման աշխատանքների պատճառով շարունակում են լարված մնալ թուրք-կիպրական հարաբերությունները:

Հունիսի 10-ին Կիպրոսի Հանրապետության ղեկավարությունը հայտարարել էր, որ որոշում է ընդունվել կղզու ափերի մոտ անօրինական հորատման աշխատանքներ իրականացնող թուրքական նավի անձնակազմին ձերբակալել: Այս մասին հայտնում է Ermeni Haber-ը։

Այս հայտարարությանը հետևեցին թուրքական կողմի արձագանքները, որոնցից ուշագրավ է Թուրքիայի «Պահպանողական առաջընթաց կուսակցության» (MYP) նախագահ Ահմեթ Ռեյիզ Յըլմազի արձագանքը:

Վերջինս առաջարկել է մի կողմ թողնել օրենքի ճանապարհը և հարվածել Կիպրոսի հույներին:

«Հույները ոչ թե օրենքով, այլ ապտակով են հասկանում»,- ասել է թուրք գործիչը՝ նշելով, որ խոսքով որևէ մեկին հնարավոր չէ վախեցնել:

«Լուրջ պետությունը չի խոսում, հարմար պահին հարվածում է: Մի անգամ Օզալը (Թուրքիայի 8-րդ նախագահ) ասաց. «Մեծ աղետ կլինի՞, եթե Հայաստանի վրա մի ռումբ գցենք»: Դրա հետևանքով ինչ ասես եկավ նրա գլխին:

Այժմ պայմաններն ավելի վատ են, քան այն ժամանակ: Թուրքիայի տարածքային ջրերը զավթված են: Թուրքական ծովերը պաշարված են: Հույները, հայերն ու աշխարհի այլ ազգերը վրեժի մոլուցքով շրջափակել են մեզ: Սցենարը նույնն է, դերակատարները՝ նույնպես:

Արդեն անցել է խոսքերի վրա ժամանակ կորցնելու պահը»,- ասել է թուրք ազգայնական գործիչը:

Նշենք, որ Թուրքիան համարում Է, որ Կիպրոս կղզու հարստություններից կարող են օգտվել թե՛ Կիպրոսի թուրքական ինքնահռչակ հանրապետությունը և թե՛ Կիպրոսի Հանրապետությունը։ Սակայն հունական կողմը դրան դեմ է և դա համարում է անօրինական քայլ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ