Քաղաքականություն

Թուրքիան քաջալերում է և հրահրում Ադրբեջանի ռազմական գործողությունները․ Մայքլ Յենսեն

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովի ընդլայնված նիստում անցկացվել է Արցախում տեղի ունեցող իրավիճակի հետ կապված քննարկում:

ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսը քննարկման սկզբում զգուշացրեց՝ բոլորն էլ հասկանում են, որ կարող է հուզականությունը հասնել գագաթնակետին, բայց հորդորեց մնալ քաղաքակրթության սահմաններում: Զեկուցմամբ հանդես եկավ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Մայքլ Յենսենը:

Նա վստահեցրել է, որ խնդիրը բոլորի համար մեծագույն մտահոգության առարկա է: Այս առիթով ասաց. «Երբ մեր կազմակերպության երկու անդամները ներգրավված են միմյանց դեմ զինված հակամարտության մեջ, դա մեր բոլորի խնդիրն է: ԵԽԽՎ բոլոր անդամ երկրներն ունեն հանձնառություն հակամարտությունները լուծել խաղաղ ճանապարհով»:

Միևնույն ժամանակ Մայքլ Յենսենը շեշտեց. «Վեհաժողովը հասկանում է, որ գործ ունենք երկու՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքների հետ՝ ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականության իրավունք: Միևնույն ժամանակ Վեհաժողովը վստահեցնում է՝ տարածքային ամբողջականության կարելի է հասնել խաղաղ կարգավորման և օրենքի գերակայության միջոցով, որը հիմնված կլինի այդ տարածքի բնակիչների ժողովրդավարական աջակցության վրա, ոչ թե տարածքային ամբողջականության հասնել զինված հակամարտության միջոցով»:

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը փաստեց, երբ ռազմական գործողությունները սեպտեմբերի 27-ին սկսվեցին, բոլոր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, նաև ԵԽԽՎ գլխավոր քարտուղարը , համանախագահները, ինքն էլ, ինչպես նաև անդամ երկրների մեծամասնությունը, բայց ոչ բոլորը, կոչ արեցին հրադադարի և վերադառնալ բանակցությունների սեղանին: Միշել Յենսենն ուրախությամբ նշեց, որ ի վերջո ուրբաթ երեկոյան՝ ՌԴ-ի ներգրավվածության արդյունքում կողմերը եկան համաձայնության նոր հրադադարի շուրջ: Նա, սակայն մտահոգություն հայտնեց, որ այն չի պահպանվում:

Մայքլ Յենսենը մտահոգություն հայտնեց, որ ՄԱԿ-ի տվյալներով՝ արդեն 57 խաղաղ բնակիչ է զոհվել: ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նախագահը նաև հատուկ հիշեցրեց Շուշիի Ամենափրկիչ եկեղեցու հրթիռակոծությունը. «Երկու երկրներն էլ պարտավորություն ունեն պահպանելու մշակութային ժառանգությունը: Մինչդեռ մենք տեսանք, որ Շուշի քաղաքի եկեղեցին է թիրախավորվել, բնակավայրերին են երկու կողմերից հարվածներ հասցվել»:

Հիշեցնելով, որ ԵԽԽՎ բոլոր անդամ երկրներն ունեն պարտավորություն ցանկացած հակամարտություն լուծել բացառապես խաղաղ ճանապարհով՝ Մայքլ Յենսենը հայտարարեց. «Այս համատեքստում ես պետք է դատապարտեմ այն փաստը, որ Թուրքիայի իշխանությունները, որոնք մեծ ազդեցություն ունեն Ադրբեջանի կառավարության վրա, չեն օգտագործում դա իրավիճակը հանդարտեցնելու համար և չեն ուղղորդում դեպի խաղաղ բանակցությունների սեղան, այլ, ընդհակառակը, քաջալերում են Ադրբեջանին շարունակել ռազմական գործողությունները: Ադրբեջանը և Թուրքիային հաճախ են հղում կատարում ՄԱԿ-ի բանաձևերին,մ ինչդեռ այդ բանաձևերն իրենք հաճախ չեն կատարում»:

Նա, հղում կատարելով ՄԱԿ-ի բանաձևերին, փաստեց՝ դրանցով սահմանվում են բացառել ռազմական գործողությունները, այլ երկրների միջամտությունը, ներգրավվածությունը ռազմական հակամարտություններում ու հայտարարեց. «Մինչդեռ Ֆրանսիայի նախագահը, ռուսական կողմը հաստատեցին Թուրքիայի ներգրավվածությունը այդ ռազմական գործողություններում, ՄԻԵԴ-ը ևս որոշում ընդունեց այս մասին»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ