Թուրքիայի և Իսրայելի միջև հերթական դիվանագիտական սկանդալն է հասունանում:
Ermenihaber-ի հաղորդմամբ՝ այս անգամ սկանդալի առիթ է դարձել «ՀԱՄԱՍ» խմբավորման քաղաքական թևի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության կապակցությամբ Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան դրոշի իջեցումը:
Թուրքիայում 1-օրյա սուգ հայտարարվելուց հետո Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը Իսրայելում Թուրքիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել է արտգործնախարարություն, ինչից հետո նաև գրառում է արել «X»-ի միկրոբլոգում հետևյալ բովանդակությամբ.
«Եթե դեսպանատան ներկայացուցիչները ցանկանում են սգալ Հանիեի մահը, կարող են գնալ Թուրքիա և սգալ նախագահ Էրդողանի հետ միասին»:
Կացի այդ գրառմանը հաջորդել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Օնջյու Քեչելիի պատասխանը:
«Բանակցողներին սպանելով ու դիվանագետներին սպառնալով՝ խաղաղութան հասնել չեք կարողանա»,- գրել է Քեչելին «X»-ի իր միկրոբլոգում:
Ըստ աղբյուրի, հատկանշական է, որ թուրքական մեդիայում հստակ չի նշվում, թե Կացն ինչ է ասել նախարարություն կանչված թուրք դիվանագետին, սակայն այն, ինչ նրան ասել է Իսրայելի արտգործնախարարը, որակվում է «սկանդալային»: