Աշխարհ

Թուրքիայի վրա ճնշման միջոցները դեռ սպառված չեն․ Գերմանիայի ԱԳՆ

Բեռլինն այն կարծիքին է, որ Սիրիայում իրականացվող ռազմական գործողության պատճառով Թուրքիայի վրա ճնշման դիվանագիտական միջոցները դեռևս սպառված չեն: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Քրիստոֆեր Բուրգերը:

Նա հիշեցրել է, որ Բեռլինն ակտիվորեն աշխատում է դիվանագիտական դաշտում՝ հակազդելով Թուրքիայի ռազմական գործողությանը, մասնավորապես, կասեցրել է զենքի նոր մատակարարումների թույլտվությունները:

«Մենք այսօր Բրյուսելում ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդակցություն ենք անցկացնում հետագա միջոցառումների, մասնավորապես, Եվրոպական միության շրջանակում սպառազինությունների մատակարարումների արգելքի շուրջ, գործի են դրվել (ճնշման) մի շարք միջոցներ։

Ես չեմ կարծում, որ մենք սպառել ենք ներգործման դիվանագիտական միջոցները»,-ասել է է Բուրգերը:

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։

Ռազմական գործողությունները քննադատության են արժանացել միջազգային տարբեր կազմակերպությունների կողմից։ Մի շարք երկրներ ևս դատապարտել են օպերացիան՝ կոչ անելով դադարեցնել այն և փորձել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով։

Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայաից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ