Աշխարհ

Թուրքիայի խորհրդարանի արձագանքը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումներին

Թուրքիայի խորհրդարանն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ընդունած որոշումներին, որոնք վերաբերում են Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը և Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության համար Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը: Այս մասին հաղորդում է NTV թուրքական հեռուստաընկերության կայքը:

Քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից բացի՝ խորհրդարանի մյուս 4 կուսակցությունների տարածած հայտարարության մեջ նշվում է. «Մենք դատապարտում ենք որոշ շրջանակների կողմից առաջ բերված և Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված թեզիսը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»:

Անդրադառնալով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման որոշմանը՝ խորհրդարանի խոսնակ Մուստաֆա Շենթոփը որոշումը որակել է որպես «Շանտաժի փորձ»:

«էժանագին հաշիվներ մաքրելու փորձերը թշնամական տրամադրություններ կարող են ստեղծել»,-ասել է Շենթոփը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ ձայների բացարձակ մեծամասնությամբ։

Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը, 3-ը մնացել են ձեռնպահ, իսկ 13 հոգի չի քվեարկել։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ