fbpx
Արցախ

2 տարի անց՝ Արցախի շրջափակումը և մարդու իրավունքների ոտհահարումը. ԲԱՑՈւՄ

«Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Այսօր լրանում է 2 տարին, ինչ սկսվեց Արցախի՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի՝ Բերձորի (Լաչինի) միջանցքի, ապօրինի արգելափակումը։ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կառավարությունը բնապահպանական կեղծ պատրվակներով կազմակերպեց մի խումբ անձանց «բողոք-ցույց», որով փակեցին միջանցքը։ Այս գործողությունը նախաձեռնվեց և հովանավորվեց Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ նպատակ ունենալով կտրել Արցախի ժողովրդին արտաքին աշխարհից և ահաբեկչական ճնշման միջոցով նրանց պարտադրել լքել իրենց հայրենի հողերը։
Արգելափակման գործընթացը ուղեկցվեց համակարգված դավադրություններով․ Ադրբեջանի կառավարության կազմակերպած «էկոակտիվիստները» վրանային ճամբարներ տեղադրեցին միջանցքում և արհեստական պատճառներով արգելափակեցին մարդկանց և բեռների տեղաշարժը։ Ավելին, Բերձորի (Լաչինի) ճանապարհի փակմանը զուգահեռ, Ադրբեջանը միտումնավոր խոչընդոտեց նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարմանը Արցախ՝ խորացնելով հումանիտար ճգնաժամը։

Արգելափակումը տեղի ունեցավ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, որը, համաձայն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, պարտավոր էր ապահովել միջանցքի անխափան աշխատանքը։ Սակայն ռուս խաղաղապահները չկարողացան կամ չցանկացան իրականացնել իրենց պարտականությունները՝ փաստացի թույլ տալով, որ Ադրբեջանը խախտի պայմանավորվածությունները և հումանիտար ճգնաժամի առաջացմամբ սպառնա Արցախի բնակչության գոյությանը։

Արցախի ժողովուրդը, գտնվելով դաժան շրջափակման մեջ, զրկվեց սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության իրերի հասանելիությունից, իսկ հարյուրավոր հիվանդներ չկարողացան ստանալ անհրաժեշտ բժշկական օգնություն։ Այս գործողությունները կոպտորեն խախտեցին միջազգային իրավունքի և մարդու հիմնարար իրավունքների նորմերը՝ ներառյալ ազատ տեղաշարժի, առողջության և արժանապատիվ կյանքի իրավունքները։

Այս իրադարձությունների ընթացքում ԲԱՑՈւՄ նախաձեռնությունն ակտիվ ջանքեր գործադրեց՝ բարձրացնելու միջազգային իրազեկվածությունը։ ԲԱՑՈւՄ-ի թիմը այդ ամբողջ ընթացքում աշխատանքներ էր տանում և դիմում էր ՄԱԿ-ին, ԵԽ-ին, տարբեր դեսպանություններին՝ ներկայացնելով Արցախի ժողովրդի իրականությունը և պահանջելով միջանցքի անհապաղ բացումը։
Այսօր՝ 2 տարի անց, մենք կոչ ենք անում չմոռանալ այս անարդարությունը և շարունակել պայքարել մարդու հիմնարար իրավունքների վերականգնման համար։ Արցախի ժողովրդի իրավունքները պետք է վերականգնվեն, իսկ պատասխանատուները՝ ենթարկվեն միջազգային արդարադատության։ Մարդու իրավունքները և միջազգային իրավունքի գերակայությունը պետք է լինեն անսակարկելի»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ