fbpx
Սպորտ

Տղայի մահը մնում է նրա հոր և մոր հետ՝ մինչև կյանքի վերջ. Կաֆուն ՝ որդու մահվան մասին

Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Կաֆուն խոսել է որդու մահվան մասին.

«Սեպտեմբերի 5-ին ընկերներով որոշել էինք ֆուտբոլ խաղալ, բայց ես գորրծուղման պետք է մեկնեի ԱՄՆ, այդ իսկ պատճառով ավելի շուտ սկսեցինք: Դանիլոն ինձ հետ միևնույն թիմում էր խաղում: Ընդմիջմանը նա գնաց, իսկ ես շարունակեցի խաղալ, բայց մոտ 3 րոպե անց իրարանցում նկատեցի դաշտի սահմաններից դուրս: Հետաքրքրությունից դրդված մոտեցա՝ տեսնելու, թե ինչ է կատարվում, ու տեսա որդուս՝ ցնցումների մեջ:

Խուճապի մատնվեցի, քանի որ նա սրտի հետ կապված խնդիրներ ուներ: Մենք շտապ օգնություն զանգահարեցինք, նրանք ասացին, որ 10 րոպեից նոր կժամանեն, բայց ես ասացի, որ տղաս չի կարող սպասել: Բոլորին խնդրեցի իրենց երեխաներին հեռացնել այդտեղից, որպեսզի նրանք չտեսնեին այն, ինչ կատարվում էր տղայիս հետ:

Գրկեցի որդուս, հասցրի մեքենայի մոտ ու 5 րոպե անց մենք արդեն հիվանդանոցում էինք: Նրա վիճակն աստիճանաբար ավելի էր վատանում: Բժիշկները գործադրեցին բոլոր ջանքերը, բայց նա ոչ մի կերպ չէր արձագանքում: Աղոթում էի Աստծուն, որ տղայիս չխլի ինձնից, բայց դա անհնար էր:

Երեխայի հուղարկավորությունը տարբերվում է այն ամենից, ինչ դու զգացել ես ամբողջ կյանքիդ ընթացքում: 5 օրը մեկ գնում եմ նրա գերեզմանին: Դեռ հավատս չի գալիս, որ նման բան է տեղի ունեցել: Դեռ քաջություն չեմ ունեցել նրա սենյակը մտնելու: Մյուս տղաս՝ Վելինգտոնը, հավաքել է Դանիլոյի բոլոր իրերն ու դրանք տվել բարեգործությանը: Չեմ վերադարձել այն խաղադաշտ, որտեղ եղավ սրտի կաթվածը:

Նույնիսկ չեմ կարող բացատրել այն զգացողությունը, որն ունենում ես, երբ հող ես լցնում տղայիդ շիրիմին՝ իմանալով, որ նա այլևս չի վերադառնա: Տղայի մահը մնում է նրա հոր և մոր հետ՝ մինչև կյանքի վերջ: Լացը հանգստացնում է ինձ: Զանգում եմ ընկերներիս, որպեսզի պարզապես լաց լինեմ: Նրանք դա գիտեն ու լռում են»,- Կաֆուի խոսքերն է մեջբերում Record-ը:

Կաֆուի որդին՝ Դանիլոն, 30 տարեկան հասակում մահացել է սրտի նոպայից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ