fbpx
Քաղաքականություն

Թյուր կարծիք կա, թե Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների զոհն է․ Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել է.

«Թյուր կարծիք կա, թե Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների զոհն է: Պետությունները հենց նրանով են պետություն, որ կարողանան ուժեղների միջև հարաբերություններում ապահովել սեփական շահն ու պաշտպանվածությունը և այդ հարաբերությունների զոհ դառնալու փոխարեն դառնան, փորձեն ընդամենը առկա իրավիճակում պաշտպանել սեփական շահերը: Ավելին` նույնիսկ պետություն չունեցող հասարակությունները բավարար արժանապատվություն և կամք ունենալու պարագայում կարողանում են, առանց պետականության գործիքների և ինստիտուտների, հետապնդել իրենց շահերն ու պաշտպանվել` չդառնալով խամաճիկ կամ խաղալիք: Եվ այս դեպքում առավել ևս ամոթ և խայտառակություն է, երբ խաղալիք կամ խամաճիկ են դառնում պետականություն ունեցող հասարակությունները: Ըստ որում` այդ ամենից բացի էլ, դեռ փորձում են իրենց այդ վիճակը վերածել արդարացման միջոցների:

Ահա այս իրավիճակում, առնվազն անմեղսունակություն է հղում կատարել այս հարաբերությունների խրթին լինելուն և դրանով արդարացնել այն սխալները, որ կատարվել են պարզապես սեփական կամքի բացակայության, սեփական արժանապատվության և սեփական պատկերացումների ու գաղափարների բացակայության հետևանքով: Այսինքն` Հայաստանը չի եղել անելանելի վիճակում, փակուղային վիճակում, Հայաստանը ունեցել է անելու քայլեր, Հայաստանը ունեցել է գործողությունների դաշտ, և հետևաբար` առնվազն այս պայմաններում պարզապես կա՛մ քաղաքական անմեղսունակություն, կա՛մ թուլակամություն և կա՛մ էլ անամոթություն է խնդիրները Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների վրա բարդելը: Այդ դեպքում որևէ այլ բան չի մնում, քան պարզապես լուծարել Հայաստանի Հանրապետությունը, որովհետև Արևմուտքի և Ռուսաստանի միջև երբևէ չի լինելու երկարաժամկետ խորքային համաձայնություն, հետևաբար` Հայաստանի համար երբևէ չի լինելու, այսպես ասած, կայունություն:

Իրավիճակն առավել անհեթեթ է դառնում, երբ ասվում է, որ Արևմուտքը Հայաստանի հանդեպ որևէ պահանջ ներկայացնելուց առաջ պետք է իր հարաբերությունները ճշտի Ռուսաստանի հետ: Այսինքն` այստեղ ևս նույն ենթատեքստն է՝ մեզանից ոչինչ մի ուզեք, հարցրեք, ակնկալեք, քանի դեռ Ռուսաստանից չեք ստացել հավանությունը կամ քանի դեռ Ռուսաստանից չեք ստացել մեր հետ հարաբերությունների դոզայի ավելացման թույլտվությունը:

Սա այն դեպքում, երբ Հայաստանի աշխարհաքաղաքական թիվ մեկ հրամայականը հենց ինքնուրույնության կամային հատկանիշների դրսևորումը պետք է լիներ, ինչը ենթադրում էր ներքին և արտաքին քաղաքականությունների զուգահեռ մոդեռնիզացիա, նաև հասարակության պատկերացումների մոդեռնիզացիա այս հարցերում, որպեսզի զուգահեռաբար նաև տեղի ունենար այս հարցի համար կարևոր հասարակական պատվերի վերաիմաստավորում կամ ընդհանրապես նոր պատվերի ձևավորում:

Ի վերջո, գերտերությունների հարաբերությունների զոհ լինելու հանգամանքը նաև իշխանական ուղղակի կամ անուղղակի պատվեր է, քանի որ այդպիսով ակամայից արդարացվում է Հայաստանի իշխանության անկենսունակությունը քաղաքական ներքին ու արտաքին մոդեռնիզացիայի հարցում, նաև քաղաքական դաշտի անկենսունակությունը, քանի որ այս պարագայում ստացվում է, որ քանի դեռ գերտերությունները կռվում են, ինչ կարող է անել Հայաստանի որևէ իշխանություն կամ ընդդիմություն: Այսինքն` այսպիսով փոշիացվում է կոնկրետ սուբյեկտների շատ կոնկրետ պատասխանատվությունը»:

https://www.facebook.com/babajanyana/posts/2818292854868090

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ