Հայտնի է ՈւԵՖԱ-ի մրցաշարերի անցկացման նոր ժամկետները

Հունիսի 17-ին՝ ՈւԵՖԱ-ի շտաբ-գրասենյակում՝ Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ-ի Գործադիր կոմիտեի հեռավար նիստը, որի ընթացքում քննարկվեցին ՈւԵՖԱ-ի կողմից կազմակերպվող ակումբային և ազգային հավաքականների մրցաշարերի ձևաչափերի փոփոխությունները և անցկացման նոր ժամկետները, հայտնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։

Այսպիսով, նոր ժամկետները հետևյալն են․

Ազգային հավաքականներ

ՈւԵՖԱ Ազգերի Լիգա

Ազգերի Լիգայի խմբային փուլի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 3/4/5-ին և 6/7/8-ին, հոկտեմբերի 10/11 և 13/14-ին և նոյեմբերի 14/15 և 17/18-ին։

Այն հավաքականները, որոնք չեն մասնակցում Ազգերի Լիգայի փլեյ-օֆֆ փուլին, կարող են ընկերական հանդիպումներ անցկացնել հոկտեմբերի 7/8-ին և նոյեմբերի 11/12-ին։

Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C դիվիզիոնի 2–րդ խմբում, որտեղ մրցելու է Էստոնիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Վրաստանի հավաքականների հետ:

ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-21 առաջնություն

Որակավորման փուլն ընթացքի մեջ է։ Դեռևս չանցկացված խաղերը կկայանան 2020 թվականի սեպտեմբեր, հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին։

Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկված է որակավորման առաջին խմբում և մրցելու է Շվեդիայի (2 անգամ), Իսլանդիայի և Լյուքսեմբուրգի հավաքականների հետ։

ՈւԵՖԱ Ֆուտզալի Եվրոպայի առաջնություն 2022

Որակավորման փլեյ-օֆֆ փուլի հանդիպումները կկայանան 2020 թվականի նոյեմբերի 2-ից 11-ը ընկած ժամանակահատվածում։

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը փլեյ-օֆֆ փուլում մրցելու է Բուլղարիայի ընտրանու դեմ։

ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնություն

Եվրոպայի Մ-19 առաջնության՝ ՈՒԵՖԱ Ազգերի լիգային նմանվող նոր ձևաչափով որակավորման փուլը հետաձգվել է։ Հետևաբար, 2021/2022 մրցաշրջանի ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլը կկայանա նախկին ձևաչափով։

Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկված է որակավորման 11-րդ խմբում, որտեղ մրցելու է Նիդերլանդների, Սերբիայի և Սան Մարինոյի հավաքականների հետ:

ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնություն

Որակավորման փուլի ժամկետները չեն փոփոխվել: Հանդիպումները կկայանան 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

Հայասանի Մ-17 հավաքականն ընդգրկված է որակավորման 12-րդ խմբում, որտեղ մրցելու է Սերբիայի, Դանիայի և Լատվիայի Մ-17 հավաքականների հետ։

Ակումբային մրցաշարեր

ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգա 2020/2021

Չեմպիոնների լիգայի հաջորդ մրցաշրջանի որակավորման փուլը կմեկնարկի օգոստոսի 8-ին։ Որակավորման նախնական, 1-ին, 2-րդ և 3-րդ փուլում հաղթողին թիմերը կորոշեն մեկ խաղի արդյունքում։ Որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլի հաղթողները կորոշվեն երկու հանդիպումների արդյունքում։ Դաշտի տեր թիմը կորոշվի վիճակահանությամբ։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/2020 մրցաշրջանի հաղթողը պայքարի մեջ կմտնի որակավորման առաջին փուլից։

Նախնական փուլ – Օգոստոսի 8 և 11

Որակավորման առաջին փուլ – Օգոստոսի 18/19

Որակավորման երկրորդ փուլ – Օգոստոսի 25/26

Որակավորման երրորդ փուլ – Սեպտեմբերի 15/16

Փլեյ-օֆֆ – Սեպտեմբերի 22/23 և 29/30

Խմբային փուլ – Հոկտեմբերի 20/21 և 27/28, նոյեմբերի 3/4 և 24/25, դեկտեմբերի 1/2 և 8/9

ՈւԵՖԱ Եվրոպա Լիգա 2020/2021

Եվրոպա լիգայի հաջորդ մրցաշրջանի որակավորման փուլը կմեկնարկի օգոստոսի 20-ին։ Որակավորման նախնական, 1-ին, 2-րդ և 3-րդ փուլում հաղթողին թիմերը կորոշեն մեկ խաղի արդյունքում։ Որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլի հաղթողները կորոշվեն երկու հանդիպումների արդյունքում։ Դաշտի տեր թիմը կորոշվի վիճակահանությամբ։

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2019/2020 մրցաշրջանի արդյունքում հայկական 3 ակումբ հնարավորություն կստանա մասնակցել առաջնությանը։

Նախնական փուլ – Օգոստոսի 20

Որակավորման առաջին փուլ – Օգոստոսի 27

Որակավորման երկրորդ փուլ – Սեպտեմբերի 17

Որակավորման երրորդ փուլ – Սեպտեմբերի 24

Փլեյ-օֆֆ – Հոկտեմբերի 1

Խմբային փուլ – Հոկտեմբերի 22 և 29, նոյեմբերի 5 և 26, դեկտեմբերի 3 և 10

ՈւԵՖԱ Կանանց Չեմպիոնների Լիգա 2020/2021

Որակավորման փուլի մինի-մրցաշարերը կկայանան 2020 թվականի հոկտեմբերի 7-ից 13-ը։ Առաջնությանը կմասնակցի Հայաստանի կանանց ֆուտբոլի Ա լիգայի առաջնության 2019/2020 մրցաշրջանի հաղթողը։

Նշվում է, որ ՈւԵՖԱ Գործադիր կոմիտեի նիստում քննարկվեց նաև ֆուտբոլային հանդիպումները հանդիսականներով անցկացնելու հարցը։ Որոշվեց հարցը ևս մեկ անգամ քննարկել հուլիս ամսին։

Ամենաթարմ