Աշխարհ

Ուկրաինայում պատերազմի ժամանակ զոհվել է 9 614 խաղաղ բնակիչ. ՄԱԿ

Ուկրաինայում զոհված խաղաղ բնակիչների թիվը ռուսական ռազմական ներխուժման պահից մինչեւ սեպտեմբերի սկիզբ կազմում է 9 614 մարդ, ավելի քան 17 ու կես հազար մարդ վիրավորվել է, նշվել է ՄԱԿ մարդու իրավունքների Գլխավոր հանձնակատարի վարչության նոր հաշվետվությունում։ Նշվել է, որ զոհերի մոտ մեկ երրորդը բաժին է ընկնում Դոնեցկի եւ Լուգանսկի մարզերին, տեղեկացրել է «Ազատություն» ռադիոն։

ՄԱԿ-ում ընդգծում են, որ խոսքը միայն փաստագրված դեպքերի մասին է, եւ զոհերի իրական թիվը կարող է զգալիորեն ավելի շատ լինել։ Դա կապված է այն տեղերից, որտեղ ինտենսիվ մարտական գործողություններ են վարվում, ինչպես նաեւ ռուսական զորքերի օկուպացրած տարածքներից օբյեկտիվ տեղեկություն ստանալու անհնարինության հետ։

Ավելի վաղ Միավորված Ազգերի Կազմակերպությունում հրաժարվել էին ռուս զինվորականների գործողությունները ցեղասպանություն որակել։ Ուկրաինայում ՄԱԿ խախտումների հետաքննության անկախ հանձնաժողովի ղեկավար Էրիկ Մյոսեն հայտարարել էր, որ ինքը եւ իր գործընկերները «չունեն բավականաչափ ապացույցներ, որոնք կհամապատասխանեին Ցեղասպանության հանցագործության կանխման եւ դրա համար պատժի մասին կոնվենցիայի պահանջներին»։ Հանցագործությունը ցեղասպանություն ճանաչելու համար պետք է լինի որոշակի խմբի ֆիզիկական եւ կենսաբանական ոչնչացման մտադրություն, պարզաբանել է Մյոսեն։

Սեպտեմբերի 18-ին ՄԱԿ Միջազգային դատարանը կքննարկի Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հայցը Ցեղասպանության հանցագործության կանխման եւ դրա համար պատժի մասին կոնվենցիայի խախտման գործով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ