Երևանի քաղաքապետարանի կողմից ներդրված տրանսպորտի միասնական տոմսային համակարգը, որը նպատակ ունի արդիականացնել և թվայնացնել հասարակական տրանսպորտի ծառայությունները, բախվում է մի շարք խնդիրների։ Թեև այն խոստանում է կատարելագործել տրանսպորտային ծառայությունները, համակարգը դեռևս հեռու է լիարժեք արդյունավետ լինելուց։
Առաջին և ամենաակնհայտ խնդիրը համակարգի հասանելիությունն է։ Թեև ներկայացվել է վճարման չորս եղանակ՝ տրանսպորտային քարտի, QR կոդի, բջջային հավելվածի և բանկային քարտի միջոցով, դրանցից յուրաքանչյուրը բախվում է իր առանձնահատուկ դժվարություններին։ Տրանսպորտային քարտերը հասանելի են միայն որոշակի վայրերում, ինչը սահմանափակում է դրանց ձեռքբերման հնարավորությունը հատկապես ծայրամասային շրջաններում։ Ավելին, քարտերի ակտիվացման գործընթացում արձանագրվել են ուշացումներ, որոնք կարող են տևել մինչև երեք ժամ, ինչը խոչընդոտում է դրանց անհապաղ օգտագործումը։
Բանկային քարտերով վճարումը նույնպես անխափան չէ։ NFC համակարգով աշխատող քարտերն են միայն գործում, ինչը բացառվում է American Express և МИР քարտերը։ Սա սահմանափակում է ոչ միայն տեղացի, այլև զբոսաշրջիկ օգտատերերին։
Երկրորդ խնդիրը վերաբերում է արտոնյալ կարգավիճակ ունեցող խմբերին։ Թեև քաղաքապետարանը հայտարարում է, որ արտոնություններ ստանալու համար քաղաքացիները կարող են գրանցվել կամ դիմել համապատասխան մարմիններին, թվայնացված բազաների թերի լինելը էապես բարդացնում է գործընթացը։ Օրինակ, ուսանողները ստիպված են սպասել մինչև հունվարի 20-ը, քանի որ ԿԳՄՍ նախարարությունը դեռևս չի ավարտել տվյալների բազայի համալրումը։ Սա հարց է առաջացնում՝ ինչո՞ւ է համակարգը գործարկվել, երբ նախապատրաստական աշխատանքները դեռևս լիովին ավարտված չեն։
Հաջորդ խնդիրը տեխնիկական անսարքությունների առկայությունն է։ Տրանսպորտային միջոցներում QR կոդերի սկանավորման հետ կապված դժվարությունները, ինչպես նաև բանկային քարտերի և հավելվածների աշխատանքի խափանումները դարձել են ուղևորների դժգոհության հիմնական պատճառներից մեկը։ Այս խնդիրները ոչ միայն անհարմարություններ են ստեղծում, այլև խաթարում են հասարակական տրանսպորտի աշխատանքի հուսալիությունը։
Համակարգի թերությունների շարքում առանձնանում է նաև տեղեկատվության տարածման պակասը։ Բազմաթիվ քաղաքացիներ տեղյակ չեն, թե որտեղ և ինչպես կարելի է ստանալ տրանսպորտային քարտերը, ինչ կարգով կարելի է օգտվել արտոնություններից, կամ ինչպես լուծել տեխնիկական խնդիրները։ Այս տեղեկատվության պակասը հանգեցնում է զանգերի մեծ հոսքին քաղաքապետարանի 1-05 ծառայություն, ինչը ցույց է տալիս համակարգի շահագործման անարդյունավետությունը։
Միասնական տոմսային համակարգի ներդրումը, չնայած իր կարևորությանը, հստակ ցույց է տալիս, որ առանց պատշաճ պլանավորման և նախապատրաստական աշխատանքների ավարտի, նույնիսկ լավագույն նախաձեռնություններն անխուսափելիորեն բախվում են ձախողումների։ Երևանի քաղաքապետարանը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի՝ լուծելու տեխնիկական խնդիրները, ընդլայնի քարտերի հասանելիությունը, ինչպես նաև ապահովի ավելի հստակ տեղեկատվական համակարգ։ Առանց այդ ամենի, այս նախաձեռնությունը կարող է դիտարկվել որպես թերի նախագիծ, որը ոչ միայն չի արդարացնում իր նպատակը, այլև առաջացնում է ավելորդ բարդություններ հասարակության համար։
