fbpx
Իրավական

Ո՞ւր են անհետացել Արագածոտնի մարզի կրթական ոլորտին հատկացված գումարները. մարզպետն ուսումնասիրություն կիրականացնի

Կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին է պատասխանել Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը: Անդրադառնալով պարգևավճարների մասին հարցին՝ նա կարևորել է դրանց անհրաժեշտությունը հատկապես պետական ոլորտում, իր մոտեցումը բացատրել հատկապես միջին և ստորին օղակներում աշխատաղների ցածր աշխատավարձերով:

«Միջին և ստորին օղակների համար աշխատավարձը պետք է բարձր լինի, որովհետև ես հիմա վարորդ եմ փնտրում 80 հզր դրամով, մարզպետարանի հավաքարարի աշխատավարձը 55 հզր դրամ է, էդ հարցերի մասին պետք է խոսել, 55 հզր դրամով երկու հավաքարարը եռահարկ շենքը կարո՞ղ է մաքրել, ես այդ մարդկանց պարգևավճար տա՞մ, թե՞ ոչ: Ուսուցիչները, մանկապարտեզում դայակները, բոլորի աշխատավարձն էլ ցածր է, բայց չեմ կարող բոլորի փոխարեն պատասխան տալ, իսկ նույն դպրոցներում, երբ 4 պահակ են պահել, 5 պահակ, հարսներին ու խնամիներին ընդունել են գործի, 62 աշակերտով դպրոցը երկու փոխտնօրեն է ունեցել, 4 պահակ, 5 հավաքարար, այդտեղ են գումարները կորել»,-ասաց Դավիթ Գևորգյանը:

Մարզպետը հավելեց, որ դրանց ուսումնասիրության նպատակով առաջիկայում մարզպետարանում հանձնաժողով է ձևավորելու, որն զբաղվելու է դպրոցների կառավարման արդյունավետության հարցով:

«Բազմաթիվ բողոքներ կան՝ սկսած շենքային պայմաններից մինչև անարդյունավետ կառավարում, երբ 30 հոգու համար նախատեսված դասարանում 6 աշակերտ է արդեն 30 տարի գնում, կարելի էր, չէ՞ տարիների ընթացքում հասկանալ և կիսել, որ դպրոցն էլ նորմալ ջեռուցվեր, խնայված միջոցներն էլ պարգևատրել ուսուցիչներին»,- նշեց մարզպետը:

Մարզպետը մարզի հիմնական խնդիրը համարում է սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման անհրաժեշտությունը և նշեց, որ առաջիկայում տարածաշրջանի զարգացման բացառիկ ծրագիր են ներկայացնելու:

«Եթե մենք ուզում ենք ունենալ ավելի արդյունավետ կառավարման համակարգ, պետական համակարգի միջին և ստորին օղակների աշխատավարձը պետք է բարձրանա, որովցհետև մարզպետարանի ներքին աուդիտի բաժինը ստանում է 150 հազար դրամ, մասնավոր սեկտորում` 800 000 դրամ: Մենք նորմալ մասնագետ չենք կարողանում գտնել»,- դարձյալ ընդգծեց նա:

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ