Մի խումբ ուրցաձորցիներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք հայտարարում են, որ գյուղում ապօրինություններ են տեղի ունենում: Պահանջում են, որ ՀՀ Վերահսկողության պետական ծառայությունը շարունակի ուսումնասիրությունները Ուրցաձորում:
«Ով է իրենց թույլ տվել դադարեցնել ստուգումները: 20 տարի շարունակ թալանել են գյուղը»,-բողոքում են գյուղացիները:
«Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին հետամուտ լինել, ինքը որ կոչ է անում կաշառք չվերցնել, թող գա տեսնի, ինչ է կատարվում մեր գյուղում: Գյուղապետ Ռաֆիկ Ադրեասյանը կաշառք է բաժանել ամբողջ գիշեր»
Հիշեցնենք, Ուրցաձորում հեղափոխական ճանապարհով ու հեղափոխական իշխանությունների պարտադրանքով համայնքապետի պաշտոնից հրաժարական տված նախկին գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը վերընտրվել էր: Նրան պարտվել է «Իմ քայլի»գյուղապետի թեկնածուն:
Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում: Ռաֆիկ Անդրեասյանը 2018 թվականի հոկտեմբերի 9-ին հրաժարական էր ներկայացրել: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ 2018 թվականի հոկտեմբերի 10-ին Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի ավագանին կազմել էր արձանագրություն և այն Արարատի մարզպետի միջոցով ներկայացվել է տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
Անդրեասյանը հրաժարական էր ներկայացրել բողոքի ցույցերից հետո: Նրան հրաժարական տալու կոչ էր արել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, իսկ պետական վերահսկողության պետ Դավիթ Սանասարյանն այդ առիթով այցելել էր գյուղ։
Աղբյուրը ՝http://galatv.am