Օգոստոսի 16-ին Վարչապետի աշխատակազմը տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Ֆրանսիսկո Բուստիժոյին, ով պաշտոնական այցով գտնվում է Հայաստանում:
«Ողջունելով հյուրին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.
«Մեծարգո պարոն նախարար, հարգելի հյուրեր, ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքում՝ Կառավարության նստավայրում:
Մեր հարաբերությունները, մեր երկրների միջև հարաբերությունների ջերմությունը ենթադրում է, որ մենք ավելի հաճախ պիտի տեսնվենք, ավելի հաճախ պիտի շփվենք:
Այս առումով մեծ ուրախությամբ տեղեկացա Երևանում դեսպանատուն բացելու Ուրուգվայի որոշման մասին: Մենք ինքներս էլ քննարկում ենք Ուրուգվայում դեսպանատուն բացելու հնարավորությունը, և ձեր որոշմամբ դուք օգնեցիք, որ մենք ավելի շուտ որոշում կայացնենք:
Կարծում եմ՝ այն ջերմ, բարեկամական մթնոլորտը, որ կա մեր երկրների միջև և այն ավելի քան պոզիտիվ ընկալումը, որ Ուրուգվայի նկատմամբ կա Հայաստանի Հանրապետությունում, շատ կարևոր են դարձնում, որպեսզի այդ ջերմությունը տնտեսական հարաբերությունների սերտացմամբ ամրանա:
ԵԱՏՄ-ի և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի միջև կնքված համաձայնագիրը հնարավորություն է տալիս, որ մենք իրոք ջանք կգործադրենք այդ ուղղությամբ և կոնկրետ արդյունքների հասնենք:
Ես հույս ունեմ, որ դեսպանատների բացումը հենց մեր հարաբերությունների այս ուղղությանը առավելևս խթան կտա, մանավանդ որ Ուրուգվայում շատ մեծ հայկական համայնք ունենք և լրացուցիչ, առանցքային գործոն է մեր երկրների միջև ջերմ հարաբերությունների համար:
Եվս մեկ անգամ ուրախ եմ Ձեզ տեսնել: Բարով եք եկել»:
Ուրուգվայի ԱԳ նախարար Ֆրանսիսկո Բուստիժոն իր հերթին նշել է.
«Պարոն վարչապետ, շատ շնորհակալ եմ: Նախ և առաջ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ ջերմ ընդունելության համար, որին արժանացել ենք սկսած այն պահից, ինչ երեկ երեկոյան ոտք ենք դրել Հայաստան:
Մինչ Ձեզ հետ հանդիպումը, հանդիպել ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարի և ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարողի հետ, ում հետ զրույցում նշել ենք, որ այնպիսի զգացում ունեք, որ կարծես մեր սեփական տանն ենք գտնվում:
Իրականում մեր շփումը շատ դյուրին է ընթանում, և դա պայմանավորված է Ուրուգվայում մեծ կարևորություն ունեցող հայկական համայնքի առկայությամբ, որն ինտեգրվել է մեր երկրում:
Ուրուգվայի ու Հայաստանի պատմական ընդհանրություններն ավելի շատ են, քան աշխարհագրական տարբերությունները:
Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ արդեն իսկ նշել եմ, որ Ուրուգվայի ձայնը մշտապես աշխարհում հանդիսանում է նաև Հայաստանի ձայնը:
Այդ իսկ պատճառով ողջունում եմ մոտ ապագայում Ուրուգվայում ՀՀ դեսպանատան բացման որոշումը, և պարոն Գրիգորյանին արդեն իսկ հայտնել ենք մեր որոշման մասին՝ Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի դեսպանատուն բացելու մասին, ինչպես նաև այն մասին, որ մեր առաջին դեսպանը Ձեր երկրում լինելու է սիրելի բարեկամ Էդուարդո Ռոսենբրոկը:
- Ադրբեջանը սադրանքի է դիմել Սև լճի հատվածում ու տվել առնվազն մեկ զոհ
- Ադրբեջանցիներն կրակել են Արավուսի ուղղությամբ. ՄԻՊ
Բոլոր պաշտոնյաների հետ, ում հետ ունեցել եմ հանդիպումներ՝ թե՛ Էկոնոմիկայի նախարարը, և թե՛ Արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարողն ինձ հարցրել են՝ ինչպես բարելավել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները: Պատասխանը միակն է. անհնար է բարելավել մեր երկրների միջև արդեն իսկ առկա փայլուն քաղաքական հարաբերությունները:
Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ ապագայում ունենալու ենք շատ հաջող առևտրատնտեսական հարաբերություններ:
Այս համատեքստում, թույլ տվեք, շնորհավորել Ձեզ, պարոն վարչապետ, վերընտրվելու կապակցությամբ՝ վստահ լինելով, որ Ձեր պաշտոնավարումը շահավետ կլինի թե՛ Հայաստանի Հանրապետության, և թե՛ մեր երկկողմ հարաբերությունների համար»:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Ուրուգվայը հատուկ տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի սրտում որպես Հայոց ցեղասպանությունն առաջինը պաշտոնապես (1965թ.) ճանաչած պետություն: Վարչապետը բարձր է գնահատել ԼՂ հիմնահարցի վերաբերալ Ուրուգվայի անկողմնակալ և կառուցողական դիրքորոշումը և նշել, որ Հայաստանը երախտապարտ է 2020թ. հոկտեմբերին Ուրուգվայի Սենատի ընդունած բանաձևի համար, որը դատապարտում է Թուրքիայի կողմից վարձկանների ներգրավումը պատերազմում, և Ներկայացուցիչների պալատի բանաձևի համար, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտման և քաղաքացիական ենթակառուցվածքների ռմբակոծման դեպքերը:
Ուրուգվայի արտաքին գործերի նախարարն ասել է, որ ուրախ է այցելել բարեկամ Հայաստան և հնարավորություն ունենալ քննարկել երկկողմ հարաբերությունների սերտացման հեռանկարները:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական գործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ: Կարևորվել է նաև հումանիտար կապերի զարգացումը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտներում փոխգործակցության խթանումը»,-ասվում է հաղորդագրության մեջ: