fbpx
Կառավարություն

Ուսանողական վարկերի տոկոսադրույքը կնվազի

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կառավարության քննարկմանը ներկայացրեց ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի փոփոխմանը վերաբերող նախագիծ: ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ ուսանողներին տրամադրվող ուսումնական վարկերի (վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորման) ենթածրագրի շրջանակում ներկայում վարկավորմամբ զբաղվում է 10 առևտրային բանկ: Նախարարն ասաց՝ մինչև 2019 թվականի հունվարի 15-ը ծրագրի շրջանակում արդեն իսկ տրամադրվել է 14 հազար 231 վարկ՝ 4 մլրդ 258 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:

Ներկայում ՀՀ մի շարք պետական ուսումնական հաստատություններում ուսման վարձերն ավելի բարձր են, քան գործող որոշմամբ սահմանված վարկավորման տարեկան առավելագույն գումարը, ուստի ծրագրում նախատեսվող փոփոխություններով ստեղծվում են նոր հնարավորություններ ուսանողական վարկերի հասանելիության տեսանկյունից։ Մասնավորապես, նախատեսվում է ավելացնել տրամադրվող վարկի տարեկան առավելագույն գումարը մինչև 700.000 ՀՀ դրամ`գործող 450.000 ՀՀ դրամի փոխարեն։

Արդյունքում՝ ուսումնառության չորս տարիների ընթացքում ձևավորվող 1.8 մլն ՀՀ դրամ վարկի ընդհանուր ծավալը կավելանա՝ կազմելով 2.8 մլն ՀՀ դրամ։ Միաժամանակ, նախատեսվում է նվազեցնել վարկավորման առավելագույն տոկոսադրույքը մինչև տարեկան 9%` գործող 12%-ի փոխարեն։ Նախագծով առաջարկվում է նաև վարկերից օգտվողների շրջանակն ընդլայնել՝ ներառելով նաև կլինիկական օրդինատորի կրթական ծրագրով սովորողներին:

Իրականացվող փոփոխությունների շնորհիվ կընդլայնվեն ՀՀ-ում մատչելի պայմաններով ուսանողական վարկեր ձեռք բերելու հնարավորություններն ինչպես բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրով, այնպես էլ կլինիկական օրդինատուրայում սովորողների համար։

«Եթե մի տեղ տոկոսն իջնում է, մի ուրիշ տեղ պիտի բարձրանա, պարո՛ն վարչապետ, դա ենթադրաբար նշանակում է ծախսերի ավելացում, ես ենթադրում եմ, որ մենք գիտենք և՛ չափը, և՛ համոզված ենք, որ կառավարելի է ավելացման այդ սպասվող չափը»,- ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ դիմելով ԿԳ նախարարին:

«Մենք հաշվարկներ ենք իրականացրել, նախկինում 300 հազար դրամի սահմաններում է տատանվել վարկի միջին չափը, այս տարի գումար կավելացնենք, բայց միջնաժամկետ ծախսային ծրագրով հաջորդ տարի նվազում կլինի»,- արձագանքեց Արայիկ Հարությունյանը:

Կառավարությունը հավանություն տվեց այս նախագծին

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ