fbpx
Աշխարհ

Ուղիղ 30 տարի առաջ՝ այս օրը, Չեխոսլովակիայում սկսվեց կոմունիստական ռեժիմի ապամոնտաժման գործընթացը

Նկարում պատկերված են Չեխոսլովակիայի ուսանողները, Ստալինի ապամոնտաժված քանդակի մոտ: Քանդակի վրա փակցված էր գրություն «Ոչինչ հավերժ չէ» բովանդակությամբ: Ուղիղ 30 տարի առաջ այս օրը՝ 1989թ. նոյեմբերի 17-ին, Չեխոսլովակիայում սկսվեց գործընթաց, որը իր առարկայական ազդեցությունն էր ունենալու ոչ միայն այդ երկրի այլև ամբողջ Արևելյան Եվրոպայի կամ Սոցիալիստական ճամբարի երկրների քաղաքական կյանքի վրա: Չեխոսլովակիայում սկսվեց կոմունիստական ռեժիմի ապամոնտաժման գործընթացը:

1989թ. նոյեմբերի 17-ին Պրահայում ուսանողները դուրս եկան փողոց ի հիշատակ 50 տարի առաջ 1939թ. նոյեմբերի 17-ին նացիստական օկուպացիայի ժամանակ սպանված ուսանող Յան Օպլետալի: Չնայած այն բանին, որ երթը նվիրված էր զոհված ուսանողի հիշատակին, այնուամենայնիվ, հավաքված ուսանողները սկսեցին քաղաքական պահանջներ բարձրաձայնել: Ցուցարարները նպատակ ունեին հասնել Վացլավյան հրապարակ, սակայն երեկոյան ոստիկանությունը շրջափակեց շուրջ 2000 ուսանողի և ցույցը դաժանորեն ցրեց: Ուսանողները ծեծվում էին անխնա կերպով:

Միջազգային հանրությունը հետագա օրերին խստորեն դատապարտեց կոմունիստական ռեժիմի վայրագությունը ուսանողների հանդեպ: Նոյեմբերի 20-ին ի աջակցություն նոյեմբերի 17-ին ծեծված ուսանողների Պրահայի կրթական հաստատությունների ուսանողները դասադուլ են հայտարարում: Մի քանի ժամ անց դասադուլին միանում են երկրի բոլոր կրթական հաստատությունների երիտասարդները: Միաժամանակ Պրահայում և այլ խոշոր քաղաքներում սկսվում են բողոքի անժամկետ գործողություններ: Երկրում խաղաղ քաղաքացիական անհնազանդության միջոցով մի քանի շաբաթվա ընթացքում վերացվեց կոմունիստական համակարգը: Հետագայում 1993թ. Չեխոսլովակիայի փոխարեն առաջացան Չեխիան և Սլովակիան: Նույն թվականին Չեխիայի նախագահ դարձավ գրող, դիսիդենտ և շարժման առաջնորդ Վացլավ Հավելը:

Հեղինակ՝ Դավիթ Ֆիդանյան

https://www.facebook.com/david.fidanyan/posts/2624984527550805

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ