Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում հանդես եկավ ուղիղ եթերով, որի ընթացքում խոսեց նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների մասին ու հակադարձեց դրանց։
«Նա հայտարարել է, որ աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում: Այսինքն, ուժի միջոցով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև:
Մենք պատրաստ ենք: Ես ուզում եմ վստահեցնել, որ արդյունքները մեզ համար պարզ են. այն, ինչ ունեցել եք 1994 թվականին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել», – ասել է Հարությունյանը:
Անդրադառնալով բանակցությունների թեմային, նախագահը նշեց, որ փուլային տարբերակով կարելի է լուծել հարցը, բայց մի տարբերակով․ «Առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո արդեն բանակցություններ»: Հարությունյանը հավելեց, որ այլ տարբերակ չի լինելու։