fbpx
Խորհրդարան

22:00 14/6/2019

Վահե Գրիգորյանի թեկնածությանը դեմ եմ քվեարկելու. Գևորգ Պետրոսյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը խմբակցության անդամների հետ ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանի հանդիպման ընթացքում խոսել է քննարկված մի քանի հարցերի մասին:

Նա մասնավորապես հայտնել է, որ ինքը թեկնածուին հարց է ուղղել դատարանների դռները փակելու կոչի ու այդ կոչն ի կատար ածելու սահմանադրականության վերաբերյալ իր տեսակետի մասին՝ հայտարարելով, որ հարցի սպառիչ պատասխան չի ստացել:

«Մի դեպքում ասաց, որ ինքը գտնում է, որ իսկապես սխալ է, Սահմանադրության համապատասխան չէ փակել դատարանների դռները, կազմալուծել դատարանների աշխատանքը, բայց նաև ասաց, որ ինքը չի գտնում, որ այստեղ եղել է հանձնարարական, այստեղ եղել է կոչ»,- ասել է պատգամավորը:

Գևորգ Պետրոսյանը հայտարարել է, որ անընդունելի է համարում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի հայտարարությունն այն մասին, որ ՍԴ անդամ ընտրելիս իրենք կարևորում են քաղաքական կոմպոնենտը:

«Ինձ համար այդպիսի հայտարարությունը բացարձակ չի տեղավորվում ՀՀ գործող Սահմանադրության տրամաբանության շրջանակներում, թե ինչպես կարելի է Սահմանադրական դատարանի կազմը համալրել, որը կոչված է երկրում սահմանադրական արդարադատություն իրականացնել, համալրել քաղաքական կոմպոնենտներից ելնելով: Այսինքն` արդյո՞ք մտավախություն չկա, որ Գրիգորյանը Սահմանադրական դատարանի անդամ, իսկ վերջում, գուցե այդ դատարանի նախագահ ընտրվելու դեպքում … Ո՞նց է դա շրջանցելու»,- ասել է նա:

Նրա խոսքերով՝ Վահե Գրիգորյանը հանդիպման ընթացքում չի հայտարարել, որ դեմ է նման տեսակետին:

Նա նաև հայտարարել է, որ ինքն անձամբ մտադիր է դեմ քվեարկել Վահե Գրիգորյանի թեկնածությանը, սակայն խմբակցության վերջնական որոշումը հայտնի կդառնա արդեն քվեարկության ավարտին:

Գևորգ Պետրոսյանն անդրադարձել է նաև Վահե Գրիգորյանի արած այն հայտարարությանը, որ «դատախազությունը գործադիր իշխանության մաս է»՝ հայտարարելով, որ զարմացած է նման հայտարարությունից:

«Ես` որպես իրավաբան, այդ արտահայտությունից հետո ո՞նց կարող եմ կողմ քվեարկել»,- ասել է Գևորգ Պետրոսյանը:

ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը՝ ի պատասխան ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի կողմից արված հայտարարությանը, ասել է, որ ինքը նման բան չի ասել։

Վերեվ