fbpx
Առողջապահություն

Վահե Տեր-Մինասյանը տուգանվել է վարչական իրավախախտման համար․ տեսչական մարմին

ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում գրված է․

Վերջին օրերին մամուլում տեղ են գտել մի շարք հրապարակումներ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից բժիշկ Վահե Տեր-Մինասյանին վարչական պատասխանատվության ենթարկելու փաստի առնչությամբ, ինչի մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել նաև Վ. Տեր-Մինասյանը:

Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ վերոնշյալ բժիշկը տուգանվել է ոչ թե առողջապահական այս կամ այն ծրագրին աջակցելու կամ խոչնդոտելու , այլ կոնկրետ վարչական իրավախախտում կատարելու հետևանքով:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում է,որ դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության տարածումը զանգվածային լրատվամիջոցներով արգելվում է:

«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը խախտելու համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.10-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով նախատեսված է տուգանք` տեղեկատվությունը տարածող ֆիզիկական անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով:

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը, որպես առողջապահության և աշխատանքի անվտանգության բնագավառներում վերահսկողութուն իրականացնող տեսչական մարմին, առաջնորդվում է բացառապես ՀՀ գործող օրենսդրության պահանջներով : Առողջապահության բնագավառի օրենսդրության մշակման և լրամշակման պատասխանատու լիազոր մարմինը ՀՀ Առողջապահության նախարարությունն է, և եթե գործող օրենսդության որոշ նորմեր փոփոխման անհրաժեշտություն ունեն, ապա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը նման փոփոխություններ նախաձեռնելու լիազորություն չունի:

Կրկին անգամ կոչ ենք անում մեր հայրենակիցներին և հատկապես բուժաշխատողներին, հարգել և խստորեն պահպանել մեր երկրի օրենսդրությունը’ անկախ զբաղեցրած դիրքից, մասնագիտական, հասարակական ակտիվությունից կամ հանրային ճանաչվածության մակարդակից, իսկ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հետևողականորեն իրացնելով իրեն վերապահված լիազորությունները վերահսկելու , իսկ անհրաժեշտության դեպքում նաև վարչական ազդեցության միջոցներ է կիրառելու բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր չեն կատարի գործող օրենսդրության պահանջները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ