fbpx
Կրթություն

Վահրամ Դումանյանն ընդունել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի ներկայացուցիչներին

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը, որը ներառում է նաև Լոռու մարզի Դեբետ համայնքում տեղակայված «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» կենտրոնը, Հայաստանի մարզերի զարգացման ծրագրերի շրջանակում իրականացնում է Դեբետ համայնքի վերափոխման և ժամանակակից գյուղի վերածման «ՍՄԱՐԹ Դեբետ» ծրագիրը։ Նախագծի շրջանակում նախատեսվում մարզի համար նոր, ժամանակակից բովանդակությամբ և ձևով դպրոցի կառուցում՝ մոտ USD $1.2 միլիոն ներդրումային փաթեթով։ Այս մասի տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարությունից:

Նախագծի նախնական հայեցակարգը քննարկելու նպատակով այսօր «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանին և գյուղական ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանին ընդունել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանը ներկայացրել է դպրոցի կառուցման հայեցակարգը՝ ծրագրի իրականացման հարցում ակնկալելով պետության գործընկերային (ոչ ֆինանսական) համագործակցությունը և աջակցությունը: Նա նշել է, որ հիմնադրամը 2020-2025 թթ.-ի համար Դեբետ համայնքում իրականացնում է ներդրումային մեծ ծրագիր՝ ենթակառուցվածքների, բիզնեսի և կարողությունների զարգացման համատեքստում: Ծրագրում ներառված է նաև դպրոցի կառուցումը՝ նախատեսված 150 աշակերտի համար:

«Բացի հիանալի շենքային պայմաններից՝ դպրոցն ունենալու է նաև ժամանակակից բովանդակություն և վերապատրաստված ուսուցիչներ՝ հանդիսանալով պետական լավագույն դպրոցի մոդել: 12 տարվա մեջ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը հիմնականում Արմավիրի մարզում վերանորոգել է 12 դպրոց, սակայն այս անգամ ցանկանում ենք կառուցել նորը»,- ասել է Կորյուն Խաչատուրյանը: Նա նաև տեղեկացրել է, որ 10 տարվա ընթացքում հիմնադրամը ՀՀ 5 մարզերի 35 գյուղական համայնքների շուրջ 1300 երեխաների համար իրականացրել է անգլերենի անվճար դասեր՝ ոչ ֆորմալ կրթության ձևաչափով: Նա առաջարկել է քննարկել այդ դասերը վերոնշյալ համայնքներում ֆորմալ կրթության դաշտ բերելու և հանրակրթության ծրագրերում ներառելու հնարավորությունը:

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ողջունել է դպրոցի կառուցման և, առհասարակ, կրթության ոլորտում ներդրումներ անելու գաղափարը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության համար հատկապես մարզային ուղղություններով կրթության որակի բարձրացումն ու ժամանակակից պահանջներին բովանդակության համապատասխանեցումն ունի ռազմավարական նշանակություն: Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ Կառավարությունը դպրոցաշինությունը ռազմավարական խնդիր է համարում և միայն վերջին երկու նիստերում պետական բյուջեի միջոցներով 20 մոդուլային դպրոց կառուցելու նախագծեր է հաստատել:

Անդրադառնալով անգլերենի ուսուցման հարցին՝ Վահրամ Դումանյանը նշել է, որ Կառավարությունը, կարևորելով կրթության ոլորտում հարևան պետությունների հետ սերտ համագործակցությունը, քննարկում է ամառային ճամբարներ կազմակերպելու հնարավորությունը, օրինակ՝ հայ-վրացական և հայ-իրանական: Այդ համատեքստում ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատարն առաջարկել է անգլերենին զուգահեռ հաշվի առնել նաև վերոնշյալ լեզուների ուսումնասիրության խնդիրը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև համագործակցության այլ հարցեր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ