Զինված Ուժեր

Վաշտային մարտավարական ցուցադրական զորավարժություն բանակում

Հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները ներգրավվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող վաշտային մարտավարական զորախաղերում, որոնց նպատակն էր կատարելագործել ընդգրկված ուժերի ներդաշնակման մակարդակը, գործնական ունակություններն ու դաշտային վարժվածությունը, ինչպես նաև ճշտել մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունն ու ձևավորել մարտական գործողությունների իրականացման միասնական մոտեցումներ, հայտնում են Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։

Ուսումնական կետերում նախատեսված աշխատանքների ավարտից հետո մարտական իրադրությանն առավել մերձեցված պայմաններում խաղարկվել են ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բնույթի գործողություններ, որոնց ընթացքում անձնակազմին հաջողվել է կասեցնել մխրճված հակառակորդի հետագա առաջխաղացումը և, օգնության եկած ուժերի հետ միասին, հակագրոհի անցնելով վերականգնել նախկինում պայմանականորեն կորցրած բնագծերը:

Նշվում է, որ մարտական հրաձգությամբ ցուցադրական զորախաղերի ընթացքում անձնակազմի ցուցաբերած հստակ ու ներդաշնակ գործողությունները փաստել են, որ զինծառայողներն ունեն անհրաժեշտ մասնագիտական հմտություններ և պատրաստ են ոչ միայն զորավարժությունների, այլև իրական մարտական գործողությունների ընթացքում կատարել իրենց պարտականություններն ու հրամանատարության կողմից առաջադրված մարտական խնդիրները:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ