fbpx
Իրավական

Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հետ

Երեկ` հունվարի 7-ին, ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար, գեներալ-գնդապետ Կալմուխանբետ Կասիմովի հետ: 

Հիշեցնենք, որ հունվարի 1–ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի է ունեցել ծեծկռտուք` հայերի մասնակցությամբ, մեկ մարդ սպանվել է։ Ղազախական ԶԼՄ–ների հաղորդմամբ, փաստի առթիվ սկսվել է նախաքննություն «Սպանություն» հոդվածով։ 

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, գործընկերները քննարկել են հունվարի 1-ին Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած ծեծկռտուքի ու սպանության մանրամասներ, ինչի մեջ կասկածվում են հայեր ու նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: 

Կալմուխանբետ Կասիմովը հայ գործընկերոջը վստահեցրել է, որ անց է կացվելու արդար քննություն և դրա շրջանակում բոլոր գործողություններն իրականացվելու են օրենքի տառին համապատասխան: 

Կողմերը խոսել են նաև Կարագանդայում հունվարի 6-ին տեղի ունեցած ցույցերի մասին, որոնց վերաբերյալ տեղեկությունը տարածում գտավ նաև միջազգային լրահոսում: 

Ղազախստանի ներքին գործերի նախարարը հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ բողոքի ակցիաները ազգամիջյան բնույթ չեն կրել, եղել են ոչ մեծաքանակ ու գտնվել են իրավապահների հսկողության տակ. Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը վերահսկում է իրավիճակը:

Հեռախոսազրույցի ընթացքում հայ և ղազախ գործընկերները քննարկել են նաև երկու երկրների իրավապահ կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր:

Tengrinews.kz պորտալի հաղորդմամբ, ձերբակալվել է 7 կասկածյալ (նրանցից հինգը կալանավորվել է), մեկ կասկածյալի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։ Աղբյուրի տվյալներով, Կարագանդայի մարզի ոստիկանությունում սկսվել է նախաքննություն «Սոցիալական, ազգային, տոհմական, ռասայական, հասարակարգային կամ կրոնական թշնամության հրահրում» հոդվածով:

Գրում է newsarmenia.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ