fbpx
Քաղաքականություն

Վանեցյանն այս հայտարարությամբ սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը․ Մարուքյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին բարկացրել է իրենց ներկայացրած ու ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծի լուսաբանումը մամուլում։ Նա ԱԺ ճեպազրույցների ընթացքում հայտարարեց, որ ինքը հակաքարոզչության տարր է տեսնում։

«ԱԱԾ և Ոստիկանության օրենքներում փոփոխություն կատարելու նախագիծը լուսաբանել են, թե մենք բերել ենք մի նախագիծ, ըստ որի՝ ով ուզի, կարող է դառնալ ԱԱԾ պետ, մինչդեռ ԱԱԾ պետ ու Ոստիկանության ղեկավար կարող են նշանակվել պատգամավորի չափանիշների համապատասխան անձինք։ ՀՀ ամենակարևոր պաշտոնը Գործադիր մարմնի ղեկավարն է, և վարչապետ կարող է նշանակվել պատգամավորի չափանիշներին համապատասխան»,- ասաց նա։

Մարուքյանը շեշտեց, որ իրենք շարունակելու են պայքարել սուպերվարչապետական համակարգի դեմ, և շարունակում են պնդել, որ ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը պետք է հաշվետու լինեն ԱԺ-ին։

«Հետևողական կերպով շարունակելու ենք ներկայացնել նախագծեր՝ այդ համակարգը վերափոխելու, ավելի ժողովրդավար համակարգ ստեղծելու համար։ Եթե այդ պաշտոնները քաղաքական չլինեին, ապա հիմա մեր ոստիկանապետը Վովա Գասպարյանը կլիներ։ Նախկինում Սերժ Սարգսյանը Կուտոյանին դրեց դատախազի տեղակալ, հետո տարավ ԱԱԾ պետ, որ պահանջն ապահովի»,- նշեց Մարուքյանը։

Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականին, Մարուքյանը շեշտեց, որ ինքը մանրամասների չի տիրապետում՝ միաժամանակ հավելով, որ զգում են՝ Վանեցյանի հայտարարությունը հեռուն գնացող է։

«Այդ հայտարարությամբ, կարծում եմ, նա սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը և փորձելու է քաղաքական գործունեության մեջ շարունակել գործը։ Հիմա դա կլինի կուսակցություն ստեղծելու միջոցով, թե ինչ ձևով․ Այդ հայտարարության մեջ դա եմ տեսնում»,-ընդգծեց Էդմոն Մարուքյանը։

Ըստ Մարուքյանի՝ ԼՀԿ-ի համար Արթուր Վանեցյանի հրաժարականի որոշումն անակնկալ է եղել։ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ, համաձայնելով գործընկերոջ հետ, հավելեց , որ Արթուր Վանեցյանը գործադիր իշխանության ամենավարկանիշային գործիչներից մեկն էր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ